ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մինչև տարվա վերջ մոտ 1000 տնտեսվարողի մոտ ստուգումներ կանցկացնի:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ այդ ցանկում կան և՛ բարձր, և՛ միջին, և՛ ցածր ռիսկային խմբի տնտեսվարողներ:
«Թեպետ ասեմ, որ այդ ցանկի տնտեսվարողների 85 տոկոսը հիմնականում բարձր ռիսկային խմբին են պատկանում: Այդ ընկերությունները ներկայացնում են թե կաթնամթերքի, թե մսամթերքի արտադրության ոլորտները, որոնք առավել ռիսկային են: Հաշվի ենք առնում նաև այն, թե այդ տնտեսվարողների մոտ նախորդ տարի ինչ խախտումներ, թունավորումներ են արձանագրվել»,- ասաց Վահե Դանիելյանը:
Խախտումների դեպքում՝ տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության է ենթարկում տնտեսվարողներին: Վահե Դանիելյանը նշեց, որ տեսչական մարմինը հակված չէ միանգամից տուգանելու, շեշտը դնում են իրազեկման աշխատանքների, գործունեության ժամանակավոր կասեցման, այնուհետև տուգանքների վրա: Վահե Դանիելյանի կարծիքով՝ թեպետ տնտեսվարողների շրջանում բացթողումները շտկելու պատրաստակամություն ու միտում է նկատվում, սակայն տուգանքի չափի վերանայման անհրաժեշտություն կա:
«Շատ դեպքերում 100 հազար դրամն այն միջոցը չէ, որը կարող է քաղաքացուն սթափեցնել ՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա ռիսկերը: Մենք առաջնորդվում ենք ոչ այնքան տուգանքներ նշանակելով, փորձում ենք այլ միջոցներով հասնել խնդիրները վերացնելուն, սակայն կարծում եմ, որ տուգանքի չափի վերանայման անհրաժեշտություն կա»,-ասաց Վահե Դանիելյանը:
Տեսչական մարմնի ներկայացուցիչը ոլորտին առնչվող օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն է տեսնում՝ վերանայելով վերահսկողական որոշ կարգավորումներ: Նրա խոսքով՝ կան կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս լիարժեք վերահսկողություն իրականացնել:
«Վերահսկողություն իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը պարտավոր է ծանոթանալ հրամանին: Շատ դեպքերում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի՝ երկրից բացակայությունը խոչընդոտ է լինում անմիջապես վերահսկողություն իրականացնելուն: Ի դեպ, սա առնչվում է բոլոր 5 տեսչական մարմիններին: Այսօրվա կարգավորումներով տեսչական մարմինների համար անմիջապես վերահսկողություն իրականացնելը դառնում է գրեթե անհնար»,-ասաց նա:
Հիմա տեղի են ունենում քննարկումներ, ուսումնասիրվում է միջազգային փորձը լուծումներ առաջարկելու համար: