ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը բավականին անհանգստացնող է համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը հարցրեց, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։
«Նշեմ, որ թեման բավականին անհանգստացնող է ինձ համար, որովհետև մեծ հավանականությամբ դրանք սահմանը հատելով են հասնում և ապօրինի շրջանառվում։ Այդ աշխատանքի շրջանակներում,կարծում եմ, տեխնիկական միջոցները անընդհատ բարելավման կարիք ունեն։ Այսինքն՝ թմրամիջոցների մեծ մասը միևնույն է հայտնաբերվում է «Ռապիսկան» սարքավորումների միջոցով։ Հաջորդ կարևոր ուղղությունը շնագիտական կենտրոնի զարգացումն է, որովհետև, որքան էլ տեխնիկան զարգանա, այնուամենայնիվ, մաքսային ծառայությունների և այլ պետական մարմինների կողմից շների կիրառմամբ թմրամիջոցների հայտնաբերելու դեպքերը ևս շատանում են, և այդ հարցին մեծ կարևորություն է տրվում»,- ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահի կարծիքով՝ արդյունավետ կլինի, եթե պետական մարմինները միասնական թիմեր ձևավորեն և այդ թիմերի միջոցով տեղեկություններ փոխանակեն, համատեղ միջոցառումներ մշակեն և իրականացնեն։
«Այստեղ բավականին բարդ թեմաներ կան և բավականին բարդ կարողությունների խնդիր: Խոսքը կրիպտոակտիվների, օնլայն առևտրի միջոցով թմրամիջոցների ձեռքբերման և դրա վերահսկելիության գործիքակազմի բացակայության կամ ոչ կատարյալ լինելու մասին է»,- եզրափակեց Բադասյանը։