ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը (1949-ից):
-1789 թ. հունիսի 1-ին ծնվել է Խաչատուր Լազարյանը՝ ազգային-ազատագրական եւ մշակույթի գործիչ:
-1857 թ. հունիսի 1-ին ծնվել է Պետրոս Աբրահամի Դուրյանը (Զըմպայան), մայիսի 20 (հունիսի 1), 1851, Սկյուտար, Ստամբուլ - հունվարի 21 (փետրվարի 2), 1872, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն)՝ հայ բանաստեղծ, դրամատուրգ։
-1937 թ. հունիսի 1-ին ծնվել է Լուսինե Զաքարյանը՝ հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգեւոր երգերի ու տաղերի անզուգական կատարող։
-1965 թ. հունիսի 1-ին ծնվել է Վարդան Բախշյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս:
-1975 թ. հունիսի 1-ին ծնվել է Նիկոլ Փաշինյանը՝ լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ 16-րդ վարչապետը:
-2010 թ հունիսի 1-ին մահացել է Անդրեյ Վոզնեսենսկին՝ ռուս սովետական բանաստեղծ, ճարտարապետ եւ նկարիչ:
-1804 թ. հունիսի 1-ին ծնվել է Միխայիլ Գլինկան՝ ռուս կոմպոզիտոր:
-1926 թ. հունիսի 1-ին ծնվել է Մերիլին Մոնրոն՝ ամերիկացի մոդել և դերասան:
-1937 թ. հունիսի 1-ին ծնվել է Մորգան Ֆրիմանը՝ ամերիկացի դերասան:
Հետաքրքրական է
Տրեխ կամ չարուխ՝ տղամարդու կամ կնոջ կաշվե սրածայր ոտնաման, հայկական ժողովրդական հագուստի բաղադրիչ։
Պատրաստվել է ինչպես անմշակ, այնպես էլ մշակված (մազազերծած եւ թթված թանի կամ մոխրաջրի մեջ խաղախորդած) տավարի միակտոր կաշվից, որի եզրերը կարվել եւ ոտնաթաթի շուրջը ձգվել են բարակ կաշեփոկով։ Եզրերի կաշեփոկե օղերը ծառայել են մեկ այլ բարակ կաշեփոկով կամ բրդյա ամուր եւ գույնզգույն թելով՝ խրացով (արեխասան), տրեխը ոտքին ամրացնելու համար։ Տրեխը լինում էր եզրակարով («աջբնակ»), առանց եզրակարի («դրանակ») եւ թաթի մասում՝ եռածայր («երեքքթանի»)։
Հարսանիքի նախօրյակին հարսի ծնողները փեսային նվիրել են կարմիր կապերով տրեխներ։ Գործարանային ոտնամանների լայն արտադրության արդյունքում տրեխը այժմ դուրս է եկել գործածությունից։
2010 թ. Ռոն Պանհասիի գլխավորած գիտնականների խումբը Հայաստանի Վայոց ձորի մարզում գտել է տրեխ։ Այն կարված է կաշվի ամբողջական կտորից։ Ըստ գիտնականների՝ այն կարող էր պատկանել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ։ Գտնված տրեխը ենթադրաբար 5500 տարվա պատմություն ունի։
Ա. Հ.