Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ընդդիմադիրները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են. պատգամավորները ցանկանում են շենք մտնել

Ընդդիմադիրները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են. պատգամավորները 
ցանկանում են շենք մտնել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները մայիսի 30-ի առավոտից Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել մայրաքաղաքի փողոցներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պահին երթի մասնակիցները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են:

Երթի մեկնարկից առաջ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ տարբեր պետական գերատեսչություններից փորձելու են ճշտել իրենց դիրքորոշումը այն հայտարարության վերաբերյալ, որը ներառել են հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Ընդդիմադիրները փորձելու են պարզել  պետական գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշումները հայտարարության մեջ ներառված  հետևյալ  սկզբունքների վերաբերյալ.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ  Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կբարձրանան նախարարությունների շենք, կհանդիպեն կոնկրետ նախարարների հասկանալու համար՝  նրանք կողմ են, թե դեմ այն փաստաթղթին, որ իրենք հրապարակել են: Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց ապահովել, որպեսզի պատգամավորները բարձրանան նախարարությունների շենք:

Պատգամավորները հստակեցրեցին, որ պատրաստվում են այցելել երրորդ մասնաշենքի բոլոր նախարարությունների ղեկավարներին, ոստիկանության ներկայացուցիչները, սակայն նշեցին, որ պետք է ճշտեն՝ արդյոք նախարարները պատրաստ են նրանց ընդունել, որից հետո միայն ապահովեն պատգամավորների մուտքը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ոստիկաններին կոչ արեց առանց լարվածության թույլ տալ շենք մտնել, ոստիկանները շարունակ պնդում էին, որ կարող են պատգամավորների մուտքը թույլատրել միայն համապատասխան ճշտումներ անելուց հետո: Ագնեսա Խամոյանն էլ պնդեց, որ պատգամավորները պետք է անխոչընդոտ մուտք ունենան շենք:

Իշխան Սաղաթելյանն էլ հավելեց, որ պատգամավորները շատ քաղաքակիրթ, առանց լարվածություն ստեղծելու մտնելու են շենք, փորձելու են ճշտել նախարարների դիրքորոշումը իրենց առաջադրած սկզբունքների վերաբերյալ: Սաղաթելյանը նշեց, որ ոստիկանները 5 րոպեում պետք է ճշտումներն անեն և թույլ տան իրենց մուտքը:

Մինչ ոստիկանությունը ճշտումներ էր անում, ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և շենք մտնել: Ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց: Այդ ընթացքում վատացավ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց որոշակիորեն հանդարտեցնել իրավիճակը:

Իշխան Սաղաթելյանն այնուհետև հավաքավածներին կոչ արեց հավաքվել շենքի մուտքի մոտ և արգելափակել այն: Նրա խոսքով՝ եթե իրենց թույլ չեն տալիս շենք մտնել, ապա ուրիշ ոչ ոք այդ մուտքով շենք չպետք է մտնի:

Սաղաթելյանը հայտարարեց, որ չեն հեռանալու, քանի դեռ նախարարների հետ չեն հանդիպել: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am