Հասարակական

Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2022»-ը. մասնակցության համար հայտերի ընդունման մեկնարկը տրված է

2 րոպեի ընթերցում

Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2022»-ը. մասնակցության համար հայտերի ընդունման մեկնարկը տրված է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։

Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Սփյուռքից:

«Տիեզերական ճամբար 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Ճամբարին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստի միջոցով: Թեստը հաղթահարած մասնակիցների ցանկը կհրապարակվի հուլիսի 1-ին:

Մասնակցության համար (Հայաստանից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Մասնակցության համար (արտերկրից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ՝ «Տիեզերական ճամբար 2022»-ն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ստեղծելով նաև սփյուռքի պատանիների համար:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է ճամբարի կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում