Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի 
բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԲ-ից, առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։

Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։

ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։

Նշվում է, որ Կենտրոնական բանկի Խորհուրդը կարևորում է ՎՖԲ-ի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրող, մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և խթան կհանդիսանա հայկական և լեհական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար։

ՎՖԲ-ի կողմից մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]