Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությունը բարելավվել է, շատ դեպքերում չի զիջում Ֆրանսիային. մասնագետ

ՀՀ-ում օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությունը բարելավվել է, շատ դեպքերում չի զիջում Ֆրանսիային. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունները տարածվում են, հիվանդների քանակն ավելանում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Նաիրի» ԲԿ-ի ուռուցքաբանության ծառայության ղեկավար, ուռուցքաբան Լևոն Բադալյանը նշեց, որ քաղցկեղի տարեկան մոտ 9 հազար դեպք է հայտնաբերվում, 10 տարի առաջ այդ թիվը 8 հազարը չէր գերազանցում:

«Դա պայմանավորված է մարդկանց ապրելակերպով, տարբեր վնասակար գործոնների ազդեցությամբ: Առողջ ապրելակերպը շատ կարևոր է, հատկապես ակտիվ կենսակերպը: Նստակյաց կյանքը վատ է: Դրանից բացի, առաջնահերթ է առողջ սնունդը, վնասակար սովորություններից հրաժարվելը, մասնավորապես, ծխելուց: Այն թիվ մեկ քաղցկեղածին գործոնն է:  Քաղցկեղն ավելի լավ է կանխել, քան բուժել: Եթե մարդիկ վարեն առողջ ապրելակերպ, ժամանակին կատարեն պրոֆիլակտիկ սկրինինգային հետազոտություններ, ապա կունենանք  կանխարգելիչ իրավիճակ կամ վաղ ախտորոշում: Ինչպես գիտենք վաղ ախտորոշման դեպքում լիարժեք առողջացման հավանականությունը մեծ է»,-ասաց Լևոն Բադալյանը:  

Մասնագետի խոսքով՝ հիվանդությունների տարածվածությանը զուգահեռ զարգանում են ախտորոշման, բուժման մեթոդները, ինչը բերում է որոշակի դրական միտումների: Մասնավորապես, Հայաստանում համեմատաբար նկատվում է բարձիթողի վիճակում գտնվող դեպքերի թիվը, գրանցվում է բուժման արդյունավետության լավացում: Մի կողմից բնակչությունն ավելի իրազեկված է դարձել, մյուս կողմից Հայաստանի բազմաթիվ կլինիկաներում ախտորոշման սարքավորումներն են արդիականացվել:  

«Նաիրի» ԲԿ-ի Թամարա Կասավի-Աբգարյանի անվան ուռուցքաբանության ծառայության հիմնադիր, ֆրանսահայ ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանը, համեմատության համար ներկայացնելով Ֆրանսիայում օնկոլոգիական հիվանդություններով պայմանավորված իրավիճակը, նշեց, որ այնտեղ, ընդհանուր առմամբ, աճ նկատվում է, սակայն կոնկրետ թոքի քաղցկեղի մասով նվազում է նկատվում: Դա պայմանավորված էր ծխախոտի դեմ պայքարի խստացմամբ: 

«Կանխարգելման գործընթացը շատ կարևոր գործոն է: Ֆրանսիայում այսպիսի պետական մոտեցում կա, եթե քաղաքացու 50 տարեկանը լրացել է, ապա նա պարտադիր պետք է անցնի բուժզննություն մի քանի ուղղություններով: Եվ դա անվճար է: Տեսնում եմ, որ Հայաստանում ևս այդ առումով առաջընթաց կա, մարդիկ իրազեկված են, գիտակցում են, որ պետք է տարվա մեջ անպայման գնալ ստուգումների: Նկատում եմ նաև, որ այստեղ բուժման արդյունավետությունն է լավացել: Շատ հիվանդներ գալիս են Ֆրանսիա բուժվելու, սակայն դրա կարիքը չկա, մենք նույնը, մի բան էլ ավելին անում ենք Հայաստանում: Ֆրանսիայում դուք բժշկին տեսնում եք 10 րոպե, իսկ այստեղ մենք հիվանդին կարող ենք տրամադրել ժամ, որ բացատրենք ամեն ինչ»,-ասաց Գևորգ Աբգարյանը:

Ուռուցքաբան Լևոն Բադալյանը նկատեց, որ Հայաստանում կան կենտրոններ, որտեղ առանձին մասնագետներ բուժում են ամենաբարձր մակարդակով և չեն զիջում արևմտյան երկրներին, նույնիսկ որոշ առումներով ավելի լավ որակի բուժում են ապահովում:

«Բայց եթե մենք Հայաստանում նայում ենք ոլորտն ընդհանուր, ապա այդ ընդհանուրի մեջ դեռ որակը մնում է ցածր: Այդ առանձին լավ մասնագետները գտնվում են տարբեր կենտրոններում: Դեռ չկա այն կենտրոնը, որն իր մեջ կհամախմբի բոլոր լավ մասնագետներին և իր բոլոր մոտեցումներով կհամապատասխանի արևմտյան չափանիշներին»,-ասաց Լևոն Բադելյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]