Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Արթուր Դավթյանը Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահի հետ քննարկել է ակտիվների վերադարձման ոլորտում փոխադարձ աջակցության խնդիրները

Արթուր Դավթյանը Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահի 
հետ քննարկել է ակտիվների վերադարձման ոլորտում փոխադարձ աջակցության 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային հանցավորության, հատկապես կոռուպցիայի, փողերի լվացման, ակտիվների վերադարձման ոլորտներում ՀՀ գլխավոր դատախազության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության ծավալման խնդիրները:

Դրանց շուրջ կողմերը փոխադարձ հետաքրքրություն էին արտահայտել 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում կայացած իրենց առաջին հանդիպման ընթացքում:

Արթուր Դավթյանը նշանակալի է համարել այն իրողությունը, որ իր այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Եգիպտոսը հանդիսանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի ընթացիկ տարվա նախագահությունն ստանձնած երկիր:

Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայությունը, որի ղեկավար Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին նախագահում էր նախորդ տարի կայացած վերոնշյալ համաժողովի հերթական նստաշրջանը, լրջագույն դերակատարում ունի այդ երկրի իրավապահ համակարգում և հատկապես հակակոռուպցիոն պայքարում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ կողմերը նշված ոլորտում կկարողանան ձևավորել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ աջակցության կայուն կառուցակարգեր:

Նա շեշտել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, այդ համատեքստում Հայաստանից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը ներկայում հանդիսանում է ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Այդ նպատակով ՀՀ դատախազությունն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը, որտեղ Եգիպտոսի հետ գործակցությունը կարևոր քայլ է արաբական մեծ աշխարհի հետ իրավական ոլորտում հարաբերությունները նոր որակի բերելու ճանապարհին:

Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին վերահաստատել է երկու երկրների համար առաջնային համարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով ՀՀ դատախազության հետ հետագա համագործակցության խորացման հարցում իր ղեկավարած կառույցի շահագրգռությունը:

Այս առումով նա ընդգծել է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև գործակցության իրավական բազայի ամրապնդմանն ուղղված քայլերը:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]