Պաշտոնական

Վարչապետը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանն անդրադարձել է կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին

5 րոպեի ընթերցում

Վարչապետը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանն անդրադարձել է կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ:

Մասնավորապես, վարչապետը ողջունել է ՀԱՊԿ առաջնորդներին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր կազմակերպության հոբելյանը նաև շատ լավ առիթ է` որոշակի արդյունքներ ամփոփելու և կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար:

Ալեքսադր Գրիգորին, իհարկե, բարձրացրեց ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցությանը վերաբերող շատ կարևոր հարցեր, և Բելառուսի նախագահը, պետք է ուղիղ ասել, անդրադարձավ բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ դրական շատ բան կա, քանի որ այն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում եղել է, կա և կլինի կարևորագույն գործոն: Ինչպես արդեն տեսնում ենք` այսօրվա հոբելյանական գագաթնաժողովում քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում այսօր իրավիճակը բավական լարված է: Եվ ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց մասին խոսում էր Բելառուսի նախագահը:

Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության վերաբերյալ. իհարկե, այդպիսի խնդիր գոյություն ունի: Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն, պետք է նկատել, որ սա նոր խնդիր չէ և երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, աշխատանքային կարգով այն բազմիցս քննարկվել է: Ակնհայտ է, որ այն հետագա քննարկման կարիք ունի:

Ինչ վերաբերում է փոխգործակցությանը և արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:

Նաև երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

Բայց ես ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի առանձնահատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում և ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել` Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին:

Կարծում եմ` արդյունքներն ամփոփելը շատ լավ է և կարևոր: Հայաստանը որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ` հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը համարում ենք անվտանգության և կայունության ապահովման առանցքային գործոն Եվրասիական տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված լիովին աջակցելու կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև ՀԱՊԿ առաջնորդները ստորագրել են ՀԱՊԿ այսօրվա նիստի արդյունքներն ամփոփող փաստաթղթեր:

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում