Հասարակական

ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։

Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ դեռևս նախորդ հանդիպմանը քննարկվել էր Վանաձորից Ֆիոլետովո երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծման հարցը և այժմ տեղում կարող են ծանոթանալ այդ հատվածին։

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները հետաքրքրվել են երկաթուղային ենթակառուցվածքների համար նպաստավոր տարածքներում դրանց բացակայության պատճառների, պետության կողմից տրամադրվող սուբսիդիայի, հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի հետ ուղևորա և բեռնափոխադրումների զարգացման մասին։

Գործակալության ներկայացուցիչները նշել են, որ տվյալ ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են հետագա աշխատանքների համար և խոշոր ներդրումների համար անհրաժեշտ կլինի հիմնավորված կոմերցիոն ռազմավարության ծրագիր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է երկաթուղային ոլորտում Հայաստանի ունեցած ռեսուսրները, զարգացման առաջնահերթ ուղղությունները, պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին։ Քննարկվող ուղղություններից բացի, Արմեն Սիմոնյանը ԶՖԳ գործընկերներին առաջարկել է դիտարկել նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններ ևս։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրությունների ավարտից հետո հանդիպել՝ արդյունքների հիման վրա հետագա աշխատանքները կազմակերպելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում