Մշակույթ

Ավելի շատ երեխաներ են սկսել հաճախել Արևշատ գյուղի երաժշտական դպրոց․ այն գրեթե ամբողջովին վերանորոգվել է

2 րոպեի ընթերցում

Ավելի շատ երեխաներ են սկսել հաճախել Արևշատ գյուղի երաժշտական դպրոց․ այն գրեթե ամբողջովին վերանորոգվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցը երկար տարիներ չէր վերանորոգվել և գտնվում էր վատ վիճակում, սակայն «Արի գյուղ, գյուղում կյանք կա» բարեգործական ծրագրի շնորհիվ այն գրեթե ամբողջովին վերանորոգվել է։ Մնացել է միայն 4 դասասենյակ, որոնց վերանորոգման համար դրամահավաք է իրականացվում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում։

Այս կապակցությամբ դպրոցը համերգ էր կազմակերպել, որի շրջանակում հյուրընկալել էր երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանին ու նրա աշակերտներին։ Համերգի շրջանակում ելույթ ունեցան «Զվարթնոց» քանոնահարների խումբը, ապա Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի աշակերտները։

«Ինձ թվում է՝ սա ոգևորություն էր և՛ ծնողների, և՛ աշակերտների համար։ Հիմա ավելի մեծ թվով աշակերտներ են հաճախում դպրոց։ Դա, անկասկած, նպաստում է երեխաների առաջադիմությանը և գիտական դաստիարակությանը», - ասաց դպրոցի տնօրեն Հերմինե Գրիգորյանը։

Արա Գևորգյանն էլ վստահեցրեց, որ միասնական ջանքերով կարողանալու են դպրոցը բերել պատշաճ տեսքի։

Արևշատի երաժշտական դպրոցում իրենց ապագան են կերտում գյուղի և հարակից 11 գյուղերի երեխաները։ Դպրոցում գործում է տարածաշրջանի ազգային գործիքների ամենաակտիվ համույթներից մեկը, որը ջանք ու եռանդ չի խնայում՝ միջազգային մրցույթներում Հայաստանը պատվով ներկայացնելու։

Վերանորոգումից հետո 50%-ով աճել է աշակերտների քանակը։ Երաժշտական դասարաններից բացի այնտեղ այժմ գործում են նաև անվճար համակարգչային և անգլերենի դասարաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում