Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սերբիան հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձով

Սերբիան հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման 
փորձով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիան ու Հայաստանը պայմանավորվածություններ են ձեռք բերել շախմատի բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու համար։ Սերբիան նախատեսում է դպրոցներում պարտադիր առարկա դարձնել շախմատը և հետաքրքրված է այդ գործում արդեն հաջողություն ունեցող Հայաստանի փորձով։ Հայաստանում գտնվող Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչն ունեցել է մի քանի հանդիպումներ ու ձեռք է բերել պայմանավորվածություններ շախմատի հայկական փորձը Սերբիայում  ներդնելու համար։  «Արմենպրես»-ի հետ զրույցում Անդրիյա Յորգիչը մանրամասներ է ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունների  մասին։

-Պարոն Յորգիչ, Հայաստան Ձեր այցի շրջանակում հանդիպել էիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։ Ի՞նչ հարցեր էին քննարկման առանցքում, ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք։

-  Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցել սպորտի բնագավառում և որպես առաջին ուղղություն կլինի շախմատը։ Մեզ շատ են հետաքրքրում այդ ոլորտում Հայաստանի հաջողությունները, մասնավորապես,  դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու փորձը։ Հայաստանի այս մոդելը ցանկանում ենք գործարկել Սերբիայում, որ մեր դպրոցականները ևս վաղ տարիքից անցնեն այդ առարկան։ Մեր դպրոցներում շախմատ առարկա կա, սակայն այն պարտադիր չէ։ Մենք ցանկանում ենք այն պարտադիր դարձնել և այդ նպատակով եկել ենք Հայաստան՝ հստակեցնելու, թե Հայաստանը ինչպես կարող է մեզ օգնել։ Շախմատը շատ կարևոր է, այն միայն սպորտ չէ, այլև մշակույթ է, ավանդույթ է և դրական ազդեցություն է թողնում երեխաների զարգացման գործում։

Մենք եղանք Շախմատի ակադեմիայում, հանդիպեցինք նաև Սմբատ Լպուտյանի հետ (խմբ․ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր), որը մեզ ներկայացրեց, թե ինչ դրական արդյունք է տվել դպրոցներում շախմատ առարկայի ներմուծումը։ Մենք ձգտում ենք հասնել նրան, որ շախմատը մեր երկրում շատ տարածված լինի։ Մարդիկ այնքան հետաքրքրված լինեն շախմատով, հետևեն խաղերին, ինչպես 1963 թվականին էր, երբ Պետրոսյանի ու Բոտվիննիկի խաղն էր։ Երբ բոլորն իրենց գործերը թողած հետևում էին խաղին։

Հիացած եմ ձեր  Շախմատի ակադեմիայով։ Մենք, եթե կարողանանք այդ աշխատանքի կեսը Սերբիայում անել, ապա կարծում եմ, որ Սերբիան մոտ ապագայում շախմատի չեմպիոններ կունենար, ինչպես Լևոն Արոնյանը։ Հայ գործընկերների հետ եկանք այն եզրակացության, որ սկսենք աշխատել տարբեր ուղղություններով։ Նախապայմաններ ստեղծենք, որ հայ շախմատիստ երեխաները, մարզիչները գան Սերբիա, ինչպես նաև  Սերբիայից մազրիկներն ու մարզիչները գան Հայաստան՝ ծանոթանալու ձեր փորձին։

-Փաստորեն պայմանավորվածություններ կան  փոխայցերի, փորձի փոխանակման վերաբերյալ։ Երբ վերադառնաք ինչի՞ց եք սկսելու, որո՞նք են լինելու առաջին քայլերը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

-Առաջին քայլերն արդեն արված են, մենք այստեղ ենք։ Մեկ ու կես ամսից Սերբիայում ունենալու ենք մրցաշար, և պայմանավորվել ենք ամեն ինչ անել, որ Հայաստանից էլ շախմատիստներ գան ու մասնակցեն։ Ասեմ, որ Հայաստանի մեր գործընկերներն արդեն մեզ տրամադրել են համապատասխան գրականություն, որ տանենք Սերբիա։ Մենք պլանավորում ենք այնպես անել, որ Հայաստանի մասնագետները գան Սերբիա, ծանոթանան մեր պայմաններին, քննարկենք, թե ինչպես զարգացնենք այս ուղղությունը, ինչ ուղղությամբ աշխատանքներ իրականացնենք առարկան դպրոցում պարտադիր դարձնելու համար։

-Ձեզ մոտ, ինչպես նշեցիք, շախմատը պարտադիր առարկա չէ, այլ ցանկության դեպքում երեխաներն իրենք են ընտրում։  Դինամիկան ի՞նչ է ցույց տալիս, առարկայով հետաքրքրվողների թիվն ավելանո՞ւմ է, որ ուզում եք այն պարտադիր առարկա դարձնել։

- Ես կարծում եմ, որ շատ կարևոր է դպրոցում վաղ տարիքից շախմատի ուսուցանումը։ Այն ոչ միայն դրական ազդեցություն է թողնում երեխաների զարգացման, մտածողության վրա, այլև պետությունը, ունենալով շախմատ խաղացողների մեծ բազա, ստանում է աչքի ընկնողներին առանձնացնելու, նրանց հետ առանձին աշխատանք տանելու հնարավորություն, որպեսզի հետագայում հաջողություններ գրանցեն։ Սերբիայում այսօր շախմատը մյուս մարզաձևերի շարքում երրորդ տեղն է զբաղեցնում, բացվում են նաև մասնավոր դպրոցներ, բայց մենք ուզում ենք, որ պետական մոտեցում լինի, որ բոլոր երեխաներն ունենան շախմատ խաղալու հնարավորություն։ Հայաստանը կկարողանա մեզ օգնել, պրոֆեսիոնալ մասնագետները կգան Սերբիա ու մեզ ցույց կտան, թե ինչպես պետք է աշխատել երեխաների հետ։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները սովորեն Հայաստանի լավագույն մասնագետներից։

-Դուք նշեցիք, որ Սերբիան նախատեսում է Հայաստանի հետ համագործակցել տարբեր ուղղություններով ու սկսում եք շախմատից։ Ո՞ր այլ ուղղություններն են հետաքրքրում Սերբիային, մանրամասնեք խնդրում եմ։

-Ինչ վերաբերում է այլ ուղղություններին, ապա ասեմ, որ մենք խոսել ենք նաև ըմբշամարտի, ֆուտբոլի մասին։ Ցանկանում ենք այս ուղղություններով ևս աշխատել, փոխադարձ ծրագրեր իրականացնել ավելի ամրապնդվելու համար։

-Դուք առաջին անգամ եք Հայաստանում, ի՞նչ տպավորություններ ունեք, ի՞նչ հասցրեցիք բացահայտել ձեզ համար։

-Երբ գալիս էի Հայաստան, մտքիս այն էր, որ նախ լինեմ Ծիծեռնակաբերդում։ Խնդրեցի ինձ ուղեկցել այնտեղ։ Ցանկանում էի ծաղիկներ խոնարհել ու ցույց տալ հայ ժողովրդին, որ իրենց հետ ենք։ Հաջորդ պարտադիր այցելության վայրը Էջմիածինն էր, Մայր Աթոռը, որը շատ կարևոր վայր է քրիստոնյաների համար։

Շատ շոյվեցինք, երբ տեսանք, որ սերբ օդաչուների հիշատակը վառ է պահվում։ Թարմ ծաղիկներ էին խոնարհված օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ Նրանք 1988 թվականին օգնություն էին բերում Հայաստան, սակայն, ցավոք, ինքնաթիռը վթարի էր ենթարկվել։ Շնորհակալություն ենք հայտնում հայ ժողովրդին, որ հիշում են։ Շոյված ենք այդ վերաբերմունքից։

Հայ ժողովուրդը մեծ սիրտ ունի։ Մենք զգում ենք, որ բարեկամներ ենք։

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]