Հասարակական

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

2 րոպեի ընթերցում

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը 180 երկրների շարքում ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինդեքսի տվյալների համաձայն, 2021 թվականին Հայաստանը գտնվում էր 63-րդ տեղում։ Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 154-րդ, Ռուսաստանը՝ 155-րդ, Իրանը՝ 178-րդ:

Նշվում է, որ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, որոնցից օրական օգտվում է բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո մեդիա դաշտը նկատելի աճել է: Չնայած բազմակարծությանը, ըստ զեկույցի, այդուհանդերձ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի խնդրին։

Զեկույցում նշվում է, որ 2021 թվականը ծանր է եղել հայաստանյան ԶԼՄ-ների և լրագրողների համար՝ ղարաբաղյան պատերազմի, ընտրությունների և համաճարակի պատճառով:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին: Կազմակերպության առաքելությունն է ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և օգտատերերի պաշտպանություն ամբողջ աշխարհում։ Այն պայքարում է գրաքննության դեմ և անազատության մեջ գտնվող այն լրագրողների ազատ արձակման համար, ովքեր ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար։ «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպություն»-ն իր կայքում ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրներում խոսքի ազատության ինդեքսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում