Չավուշօղլուն Ուրուգվայում իր վարքն արդարացրել է՝ «անպարկեշտ» որակելով պատմական արդարությանն առերեսվելու կոչ հնչեցնող հայ ցուցարարների գործողությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արդարացրել է Ուրուգվայում իր պահվածքը, երբ Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող հայ ցուցարարներին ցույց էր տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sabah թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն իր պահվածքի համար մեղադրել է պատմական արդարությանն առերեսվելու կոչ հնչեցնող ցուցարարներին՝ նրանց գործողությունները որակելով «անպարկեշտ»:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Ուրուգվայում Թուրքիայի դեսպանին խոստացել են, որ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը ցուցարարները չեն լինի, սակայն նրանք այնտեղ են եղել: Չավուշօղլուն իր պատասխանը «համարժեք» է որակել:
Նա նաև հայտարարել է, թե «իրենց դրա (խմբ. Հայոց ցեղասպանության) մեջ մեղադրելն անիմաստ է»՝ հավելելով, որ իրենք ապագային նայելու կոչ են հղում: