Մշակույթ

Հայկական պարարվեստը մեր ինքնության, խառնվածքի, հոգեկերտվածքի պահպանման ամենավառ կերպերից է. Հայաստանում Ազգային պարի օր կնշվի

7 րոպեի ընթերցում

Հայկական պարարվեստը մեր ինքնության, խառնվածքի, հոգեկերտվածքի պահպանման ամենավառ կերպերից է. Հայաստանում Ազգային պարի օր կնշվի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պարարվեստը մեր ազգային, մշակութային ժառանգության ամենահարուստ շտեմարանն է եղել հազարամյակներ շարունակ: Այն ոչ միայն մեր գեղագիտական ընկալումների, պատկերացումների արտահայտիչն է, այլև ազգային ինքնագիտակցության, ինքնության, խառնվածքի, հոգեկերտվածքի պահպանման ամենավառ կերպերից մեկն է:

Այսպես է կարծում «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:

Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գևորգյանը տեղեկացնում է՝ շուտով Հայաստանում նաև Ազգային պարի օր կնշվի:

Գևորգյանի խոսքով՝ մենք չենք կարող ասել, թե հայկական պարն այսօր քանի տարեկան է: «Պարի միջոցով հայերը ոչ միայն փորձել են ամրակայել մեր ազգային խառնվածքն ու հավաքական նկարագիրը, այլև այն եղել է մեր միասնության և ինքնության խորհրդանիշը: Հայկական պարարվեստը, մեր հին պարը սերնդեսերունդ փոխանցվել են և մեզ են հասել ճշգրտորեն պահպանված՝ կառուցվածքի ամբողջության մեջ, ձևերի մշակվածությամբ ու բովանդակությամբ, արտահայտչականությամբ ու գեղեցկությամբ»,-շեշտում է վարպետն ու հավելում՝ փոխվում են ժամանակներն ու առաջ են գալիս նոր պահանջներ. պարի և՛ մշակման, և՛ մատուցման ձևերը ևս փոխվում են:

Ըստ Գևորգյանի՝ այսօր աշխարհում հին մշակույթը պահպանելով՝ մարդիկ նորովի մատուցման լուրջ եղանակներ են գտել, և իրենց պարը բերել են համաշխարհային մշակույթի խաչմերուկներ:

Կարեն Գևորգյանը շուրջ 35 տարի շրջաններից հավաքում է մեր էթնոգրաֆիկ պարերն ու նոր բովանդակությամբ, նոր պարապատկերներով, նոր մշակումներով մատուցում այն հանրությանը: Չի՛ փոխում, չի՛ աղճատում պարի ձևն ու բովանդակությունը, այլ նրան հաղորդում է նոր մասշտաբներ, նոր ռիթմային ուղեկցություն, նոր ընկալումներ, ինչի արդյունքում «Բերդ» պարային անսամբլը հայկական էթնոգրաֆիկ հնագույն պարերը ներկայացնում է նոր արտահայտչականությամբ:

«Բերդը» 35 տարվա ընթացքում բազմաթիվ երկրներում օտարազգի հանդիսատեսին ծանոթացրել է հայ մշակույթին, պարարվեստին և ազգային պարի միջոցով սիրելի է դարձրել Հայաստանը:

«Եղել են ու կան պետական կոլեկտիվներ, որոնք մշտապես հանրահռչակել են մեր պարարվեստն աշխարհում, սակայն հիմա ֆինանսական մեծ դժվարությունները խոչընդոտում են հայկական պարի տարածմանը: Հույս ունեմ՝ գալու են ավելի լավ ժամանակներ, երբ պարի հանրայնացման համար հատուկ բյուջե կսահմանվի և կլինի պարային անսամբլը, որը մշակութային դիվանագիտության շրջանակներում ազգային պարը կներկայացնի համայն աշխարհին»,-ընդգծում է Գևորգյանը:

Մաեստրոն հիշեցնում է, որ 1950-ական թվականներին, երբ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել Խորհրդային Միության երկրների հետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Մոիսեևի պարային խմբի ելույթից հետո երկրի ղեկավարությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն է հայտնել, իսկ Իոսիֆ Ստալինը նախքան այս կամ այն երկրի ղեկավարների հետ բանակցությունների մեկնելն անպայման «Բերյոզկա» և Իգոր Մոիսեևի պարի անսամբլներին տվյալ երկրում համերգով ներկայանալու հնարավորություն է տվել:

Կարեն Գևորգյանը դիվանագիտական և մշակութային կապերի ամրապնդման վառ օրինակ է համարում նաև իր՝ վերջերս Արգենտինայի Հանրապետություն մեկնելը այնտեղ ՀՀ դեսպանության հրավերով: Գևորգյանն Արգենտինայում հանդիպել է մի շարք պարային անսամբլների պարողների հետ, վարպետաց դասեր անցկացրել, ծանոթացրել ազգային պարարվեստին: Նա հետաքրքիր պարային բեմադրություն է արել Բուենոս Այրեսի խորհրդանիշ համարվող Էթնոգրաֆիկ պարային կոլեկտիվի համար և Արգենտինական ժողովրդական պարերի պետական անսամբլն իր պարացանկում է ընդգրկել հայկական ժողովրդական պարը:

Գևորգյանը վստահեցնում է՝ պարարվեստի ներկայացուցիչները Հայաստանում շատ ակտիվ են և հաճախ են մասնակցում փառատոնների, մրցույթների: 2022-ին պարարվեստին նվիրված 200-ից ավելի փառատոն է կազմակերպվել: «Կան կազմակերպություններ, որոնք ամեն շաբաթ փառատոններ են իրականացնում, բայց դա ի՞նչ է տալիս պարարվեստին: Միայն նախաձեռնելը չէ. եթե այդ փառատոնները չունեն ազգային պարը ճանաչելի դարձնելու, առկա խնդիրները լուծելու, պարուսույցների վարպետության դասընթացներ, ֆորումներ, կլոր սեղաններ անցկացնելու նպատակ, ուրեմն փառատոնն արվում է միայն սեփական կարիքները բավարարելու համար: Մեր միությունը չի գնում այդ ճանապարհով. մենք տարվա ընթացքում կազմակերպում ենք երկու կամ երեք փառատոն, որոնցից մեկն անցկացվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանրապետության լավագույն պարային համույթների մասնակցությամբ: Այս տարվա փառատոնը նվիրելու ենք անվանի բալետմայստեր, Հայաստանի պարի պետական անսամբլի առաջին գլխավոր բալետմայստեր «բերդ» պարն առաջին անգամ բեմադրած Հայաստանի վաստակավոր արտիստ Վարդգես Ռաշիդյանին»,-հայտնում է Կարեն Գևորգյանը:

Խոսելով Հայաստանում հեռանկարային պարողների մասին՝ նա շեշտում է՝ հրաշալի պարողներ կան, պարուսույցներ, որոնք կարող են մեր երկիրը փալյուն ներկայացնել միջազգային հարթակներում: «Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի առկա և հեռակա բաժիններում 400 ուսանող է սովորում: Մենք ունենք փայլուն ապագա, փայլուն երիտասարդներ, ուղղակի պետք է պարի խնդիրների մասին շատ խոսել ու փորձել լուծել դրանք՝ նրանց առաջխաղացումն ապահովելու համար»,-եզրափակում է Կարեն Գևորգյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ «Բերդ» պարային անսամբլի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում