Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը և էլի մի շարք մարզային կենտրոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ճգնաժամն օգտագործելով կառավարությունը մեծ ներդրումներ իրականացրեց բժշկական կենտրոնների վերազինման, վերակառուցման և վերանորոգման ուղղությամբ, և այդ լարված իրավիճակում էլ մենք հասցրեցինք տասնյակ բժշկական կենտրոններ ամբողջությամբ վերափոխել»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման հագեցվածության պետական հիվանդանոց, մենք, ըստ էության, չենք ունեցել: «Կորոնավիրուսի համավարակի համատեքստում մենք ֆինանսական միջոցներ տրամադրեցինք, և Հայաստանում եղած և այսօր կիրառական ժամանակակից բժշկական սարքավորումներ ձեռք բերեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համար»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև առողջապահության ոլորտում մեկ այլ ձեռքբերման մասին: «Շատ կարևոր է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գործարկումը, որի արդյունքում ստացվում են իզոտոպեր, որոնք կարևոր են քաղցկեղի վաղաժամ ախտորոշման համար և պրակտիկ կիրառվում են մեր առողջապահական համակարգում»,-հավելեց վարչապետը: