Մարզային

ՄԱԶԾ ներկայացուցիչները ներկայացրին Գեղարքունիքի մարզում իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող զարգացման ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ՄԱԶԾ ներկայացուցիչները ներկայացրին Գեղարքունիքի մարզում իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող զարգացման ծրագրերը

ԳԱՎԱՌ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը եւ «Սոցիալ-տնտեսական» ծրագրի ղեկավար Աննա Գյուրջյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրին մարզում իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող զարգացման ծրագրերը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` անդրադառնալով «Սոցիալ-տնտեսական» զարգացման ծրագրի բաղադրիչներին՝ Աննա Գյուրջյանը ներկայացրեց տեղահանվածներին եւ հյուրընկալողներին աջակցություն ցուցաբերելու բաղադրիչը, որը ենթադրում է նաեւ բազմաշունչ ընտանիքներին շարժական տնակներով ապահովելու գործընթացը։ Խոսվեց նաեւ սահմանամերձ համայնքներում եւ բնակավայրերում ծրագրի մաս հանդիսացող լուսավորության ցանցի անցկացման, գործազուրկների եւ դասընթացավարների եռամսյա վճարովի դասընթացների մասնակցության, երիտասարդության քաղաքականության մշակման եւ ուսումնական հաստատություններում լաբորատորիաների հիմնման մասին։

Նշվեց, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը 2022 թվականին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում հացահատիկային մշակաբույսերի ցանքս կատարելու նպատակով «Ամբար» հիմնադրամին տրամադրում է աշնանացան ցորեն ։ Ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի տեղեկացմամբ՝ «Ամբար» հիմնադրամի աշխատանքները կազմակերպելու նպատակով հատկացվել են գյուղատնտեսական գործիքներ եւ ալրաղաց, իսկ Ճամբարակ եւ Շողակաթ համայնքներում մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին՝ 200 փեթակ, որպես աջակցություն այդ տնտեսություններին։ Այստեղ առաջնահերթությունը տրվել է կանանց։ Ծրագրի միջոցով մարզում իրականացվել է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման աշխատանքներ՝ թվով 15 շահառուների համար։

«ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարել է «Ես Կարող եմ» երիտասարդական գաղափարների նախագիծ-մրցույթ: Նախագիծը միտված է աջակցել գյուղական բնակավայրերի երիտասարդությանը, որպեսզի իրենց կարողությունները եւ գիտելիքները վերածեն բիզնեսի եւ գումար վաստակեն։ Նախագիծը ևս ուղղված է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ապրող 18-30 տարեկան երիտասարդներին»,- նշեց Արման Վալեսյանը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի ՄԱԶԾ շրջանակներում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում տնտեսությունների զարգացմանը միտված հումանիտար աջակցության, խոցելի խմբերի եւ երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի համար եւ վստահեցրեց, որ մարզպետարանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում