Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաղրամյան» զորավարժարանում ապրիլի 20-ին անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը:

Ըստ աղբյուրի՝ զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ:

«Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված բոլոր կրակային խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ԶՈՒ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային միջոցների հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում