Մայրաքաղաքում վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն
1 րոպեի ընթերցում
![Մայրաքաղաքում վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080981.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:
«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն:
Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Սարգսյանն ասաց, որ դրանք կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում: