Մեկնարկել են Սեւանա լճի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սեւան»ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում 2022 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել են Սեւանա լճի ափամերձ ու ջրածածկման ենթակա անտառային տարածքները ծառերից, թփերից եւ բուսական այլ համակեցություններից մաքրելու աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սեւան» ազգային պարկից, ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է այս տարվա ընթացքում մաքրել 89 հեկտար անտառային տարածք, որը կընդգրկի Վարդենիկի եւ Ծովինարի տեղամասերն ամբողջությամբ եւ Երանոսի տեղամասը՝ մասամբ։ Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մետր նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։ Գործի է դրվել 4 միավոր տեխնիկա։ Աշխատանքներն իրականացվում են «Սեւան»ազգային պարկի աշխատակիցների ուժերով։ Մաքրման աշխատանքների ժամկետ է սահմանված մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
«ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից մեզ տրամադրվել է անիվավոր 1 բեռնիչ տեխնիկա, որը շատ է օգնում ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։ Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրսբերումը առափնյա ջրածածկ գոտիներից նպաստելու է Սեւանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը»,-ներկայացրին «Սեւան» ազգային պարկից։
Խոսրով Խլղաթյան