Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1902 թ. ապրիլի 15-ին հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
-1965 թ. ապրիլի 15-ին կայացավ Երեւանի պետական համալսարանի գլխավոր շենքի հանդիսավոր բացումը:
-1452 թ. ապրիլի 15-ին ծնվել է Լեոնարդո դա Վինչին՝ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վախճ.՝ 1519 թ.):
-1890 թ. ապրիլի 15-ին ծնվել է Դավիթ Վարդանյանը՝ խորտակված «Տիտանիկ» շոգենավի ուղեւոր, 711 փրկված մարդկանցից մեկը:
-1894 թ. ապրիլի 15-ին ծնվել է Նիկիտա Խրուշչովը՝ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ (մահ.՝ 1971 թ.):
-1904 թ. ապրիլի 15-ին ծնվել է Արշիլ Գորկին՝ ամերիկահայ նկարիչ (մահ.՝ 1948 թ.):
-1908 թ. ապրիլի 15-ին ծնվել է Ֆրեդերիկ Ֆեյդին՝ ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937):
-1941 թ. ապրիլի 15-ին ծնվել է Ռոման Բալայանը՝ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր:
-1949 թ. ապրիլի 15-ին ծնվել է Ալլա Պուգաչովան՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
-1971 թ. ապրիլի 15-ին մահացել է Գուրգեն Բորյանը՝ հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծնվ.՝ 1915 թ.):
Հետաքրքիր է իմանալ
Ընձուղտ՝ զույգսմբակավորների կարգի կաթնասուն։ Համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին։ Ընձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5.5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ-ի։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած որ ընձուղտները, ինչպես համարյա բոլոր կաթնասունները, ունեն 7 պարանոցային ողեր։ Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի շնորհիվ էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն եւ ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է, քան մարդու մոտ։
Յուրաքանչյուր ընձուղտի մորթու գունավորումը առանձնահատուկ է՝ ինչպես մարդկանց մատնահետքերը։ Ունեն լավ տեսողություն, լսողություն եւ հոտառություն, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել վտանգը։ Լավ տեսողությանը նպաստում է նաեւ բարձր հասակը. իրենց ցեղակիցներին ընձուղտները կարող են նկատել մեկ կիլոմետր հեռավորությունից։
Ընձուղտները կարող են արագ վազել եւ անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն։ Սակայն հիմնականում տեղաշարժվում են դանդաղ՝ սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքերը, հետո՝ երկու ձախերը։ Իրենց մեծ քաշի եւ բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերեւույթով։ Նրանք հեռու են մնում ճահճային տեղանքից, իսկ գետերը նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են։ Չնայած այս ամենին, ընձուղտները կարող են ցատկել եւ հաղթահարել մինչեւ 1.85 մ բարձրությամբ պատնեշները։
Ա. Հ.