Տնտեսություն

Հայաստանում արդեն երկու սպառող իր ցանկությամբ փոխել է էլեկտրաէներգիայի մատակարարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում արդեն երկու սպառող իր ցանկությամբ փոխել է էլեկտրաէներգիայի մատակարարին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրաէներգիայի վաճառքի ոլորտը ազատականացված է, ստեղծվում է մրցակցային միջավայր, արդեն 6 լիցենզավորված ընկերություն կարող է գտնել սպառողներ և առանց կարգավորվող գների վաճառել էլեկտրաէներգիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը հիշեցրեց՝ փետրվարի 1-ից արդեն գործարկվել է էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ: Սպառողը մատակարարին ընտրելու հնարավորություն ունի:

«Արդեն ունենք առաջին «ծիծեռնակները», 1, թե 2 սպառող արդեն դուրս են եկել Հայաստանի էլեկտրական ցանցերի կարգավորման տիրույթից: Այսինքն՝ 1 սպառող ընտրել է մատակարար և իրենից է գնում էլեկտրաէներգիա՝ չկարգավորվող գներով, շուկայի կանոններով, ևս մեկ սպառող ստացել է որակավորված սպառողի կարգավիճակ և ինքնուրույն մասնակցում է իր էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը այդ էլեկտրոնային հարթակում»,-ասաց Բաղրամյանը:

Ապա հանձնաժողովի նախագահը բացատրեց՝ որակավորված սպառողը շուկայում ինքնուրույն է գտնում իր էլեկտրաէներգիան, որոշակի կայանների հետ պայմանագիր է կնքում և իրականացնում առևտուր, ինքն էլ իր հաշվեկշռումն է իրականացնում շուկայում:

Այն փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց օրենքով տրված երաշխիքային ժամկետը սպառվել է, հնարավորություն ունեն շուկայում էլեկտրաէներգիա վաճառելու՝ պայմանագրային գնով:

Հայաստանի էլեկտրական ցանցերը երկու ֆունկցիա է իրականացնում՝ բաշխում և վաճառք: Բաշխման ծառայությունը բացառիկ է: «Վաճառքն այսօր միանշանակ արդեն ազատականացված է: Ունենք շուրջ 6 լիցենզավորված ընկերություն՝ մատակարարներ, որոնք առանց կարգավորվող գների կարող են գտնել սպառողներ և վաճառել էլեկտրաէներգիա՝ պայմանագրային գներով»,-ասաց Բաղրամյանը՝ հավելելով, որ հիմա վաճառքի ոլորտում մրցակցություն է ստեղծվում, մատակարարները կարող են մրցել և սպառողների խումբ ձևավորել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում