Հասարակական

Սեպտեմբերին կայանալու է «Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ» երկրորդ մրցույթը

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերին կայանալու է «Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ» երկրորդ մրցույթը

ԳՅՈՒՄՐԻ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ` 10 – 18 տարեկան պատանիների համար իրականացվող առցանց ԱԹՍ դասընթացի մասնակիցներն ապրիլի 3-ին Գյումրիում էին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այցի ընթացքում ամփոփվել են դասընթացի արդյունքները, մասնակիցները համատեղ աշխատանքներ են իրականացրել Fly Lab ում՝ իրենց ձեռքով պատրաստելով թռչող սարքեր, որից հետո օդ բարձրացրել դրանք:

Լավագույնի հեղինակը ստացել է հատուկ մրցանակ, իսկ դասընթացի բոլոր մասնակիցները՝ մասնակցության հավաստագրեր:

ԱԹՍ դասընթացի արդյունքում երեխաները ծանոթացել են ԱԹՍ բաղկացուցիչ մասերին և շահագործման կանոններին, ուսումնասիրել ԱԹՍ-ն շահագործման նախապատրաստելու գործընթացը, ինչպես նաև՝ նման սարքերի սպասարկման առանձնահատկությունները:

«Դասընթացը կազմակերպելիս հաշվի ենք առել այն բացերը, որ նկատելի էինք նախորդ տարվա սեպտեմբերին՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթի ընթացքում։ Ուստի, ընտրեցինք համապատասխան թեմաներ՝ տվյալ դասընթացն առավել արդյունավետ դարձնելու և երեխաներին գալիք ԱԹՍ մրցույթին նախապատրաստելու համար», – «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դասընթացի մասնակցելու ցանկություն հայտնած պատանիների թիվը բավական մեծ էր. 514 հայտ ներկայացրած երեխաներից ընտրվել են 57-ը, ովքեր այժմ մասնակցում են դասընթացներին։

Դասընթացի մասնակիցները հանրապետության տարբեր մարզերից են: Ի դեպ, դասընթացները կազմակերպվում են և առցանց եղանակով, և կազմակերպվում են այցեր տարբեր համայնքներ:

«Մենք ապահովում ենք, որ երեխաներն ունենան համակարգված ինժեներական մտածելակերպ: Մրցույթը թեև արտակարգ իրավիճակների խնդիրների վրա է հիմնված, բայց ստացած գիտելիքները թույլ կտան տարբեր ոլորտներում՝ տարբեր բարդության խնդիրներ լուծել»,-նշել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Ասյա Սեպխանյանը, հավելելով, որ հիմնադրամը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) սեպտեմբերի 10-11 համատեղ անցկացնելու են «Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթը»:

Մրցույթն իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Արդեն երկրորդ տարին անցկացվող մրցույթը, կազմակերպիչների վստահեցմամբ, նպատակ ունի ամենամյա դառնալու:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում