Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետի հետ առաջիկա հանդիպումն արդյունավետ կլինի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի բանակցությունները։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպման ընթացքում ադրբեջանական պետության ղեկավարը հայտարարել է, որ Զբիգնև Ռաուի այցը Բաքու լավ հնարավորություն է կարևոր հարցեր քննարկելու համար։
«Մենք ձեզ հետ կխոսենք տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Բացի այդ, Ադրբեջանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգը շատ լայն է։ Գիտեք, որ վերջերս մենք հեռախոսազրույց ունեցանք Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Ես շատ լավ հիշողություններ ունեմ Վարշավայում, Բաքվում և Դավոսում նախագահ Դուդայի հետ հանդիպումներից։ Մենք կանոնավոր կապի մեջ ենք միմյանց հետ, և մեր երկրների միջև հարաբերությունները մեր գործընկերության լավ ցուցադրումն են։ Մենք նաև շնորհակալ ենք Լեհաստանին Եվրամիության հետ համագործակցության հարցերում շարունակական աջակցության համար։ Այս գործընթացն այժմ ընթանում է արագ տեմպերով, և ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կկայանա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի նոր հանդիպումը։ Հուսով եմ, որ այս հանդիպումը արդյունավետ կլինի։ Որովհետև արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, և մենք պետք է շարժվենք դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև որքան հնարավոր է շուտ կնքենք խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանը ներկայացրել է այս համաձայնագրի հիմնարար սկզբունքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Չնայած միջազգային հանրությունից ստացվող հակառակ ուղերձներին՝ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը լուծված է և որ այժմ ժամանակն է կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։
«Մենք որոշակի ազդակներ ենք ստանում հայ պաշտոնյաներից: Ինչպես ինձ վերջերս ասացին, այդ ուղերձներից մեկն այն է, որ նրանք ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, և ես հույս ունեմ, որ Բրյուսելում կայանալիք հանդիպումն էլ ավելի հստակություն կբերի այս հարցում: Մեր ներկայացրած հինգ սկզբունքները արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը, միջազգային լավ վարքագիծը։ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետև սահմանների սահմանազատում: Ես հավատում եմ, որ դրա հիման վրա խաղաղություն կգա Կովկաս: Մենք դա ենք ուզում։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասի երեք երկրների ակտիվ համագործակցության ներուժ: Եվ կարծում եմ, որ դա կարևոր կլինի ոչ միայն այս երկրների համար։ Իհարկե, այս բոլոր հարցերը պետք է լուծվեն շատ ուշադիր և ժամանակին»,-ասել է Ալիևը: