Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույններից մեկն է լինելու. կազմկոմիտեն մեծ թափով է պատրաստվում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա մայիսին Երևանում, լավագույններից մեկն է լինելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ նման մեծ մարզական միջոցառում ենք ընդունում: Եվ սա պատահական չէ, սա պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է: Մենք ամբողջ թափով պատրաստվում ենք միջոցառմանը և վստահ եմ, որ այն լինելու է լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ լավագույնը: Բացման արարողության ընթացքում էլ կներկայացվեն մեր ներկան, անցյալը և, իհարկե, ապագան»,-ասաց Հարությունյանը:
Վերջինս խոսեց նաև կորովիրուսի պանդեմիայի պայմաններում առաջնության կազմակերպման մասին, նշեց՝ սահմանափակումները կլինեն այնպիսին, ինչպիսի կանոններ կգործեն Հայաստանում այդ պահին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով` վերջապես Հայաստանն աշխարհի սպորտային քարտեզում իր կայուն տեղը կունենա: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անելու են, որ առաջնության մասնակիցները գոհ հեռանան Հայաստանից»,-առանձնացրեց նա:
Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովն էլ փաստեց, որ Եվրոպայի առաջնության լավ կազմակերպումն ու անցկացումը կարող է հիմք ծառայել աշխարհի առաջնության ընդունման համար: «Ուրախ եմ լինել Հայաստանում: Եվրոպական կոնֆեդեացիան ուրախ է, որ նման մրցաշարը կայանալու է ձեր երկրում: Երեկ ու այսօր մի քանի հանդիպում ենք անցկացրել, այցելել հյուրանոցներ, եղել մրցաշարի անցկացման վայրում: Վստահ եմ, որ բարձր մակարդակով կանցնի առաջնությունը: Շնորհակալ եմ, որ այսպիսի աշխատանք եք անում, երկրպագուներն ու բոլոր մասնակիցները կվայելեն այս գեղեցիկ մարզաձեւն ու շոուն»,-ասաց Եգորովը:
EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը և Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիորն էլ վստահություն հայտնեցին, որ առաջնությունը կկազմակերպվի բարձր մակարդակով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովաննես Հովսեփյանն էլ հույս հայտնեց, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը լավ արդյունքներ գրանցի առաջիկա մրցաշարում:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով:
Առաջնությանը մինչ այս ներկայացվել է 30-40 երկրի հայտ, հնարավոր է նաև Ադրբեջանի մասնակցությունը: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ: