Հասարակական

Համադպրոցական գիտության փառատոնը կնպաստի գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրվածության բարձրացմանը

3 րոպեի ընթերցում

Համադպրոցական գիտության փառատոնը կնպաստի  գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրվածության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի նպատակն է դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները։

Միջոցառմանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ փառատոնը կօգնի աշակերտներին ավելի մոտեցնել գիտությանը և կնպաստի կրթության և գիտության սերտացմանը։

«Չէի ցանկանա առանձնացնել որևէ նախագիծ, քանի որ յուրաքանչյուրը ջանք է գործադրել, որ մասնակցի գիտության փառատոնին։ Ուրախ եմ, որ մոտավորապես 3 տարի առաջ ծնված այս գաղափարն արդեն արդյունքներ է տալիս, և մենք լավագույնս ներկայանում ենք նաև միջազգային փառատոններին»,-ընդգծեց Հարությունյանը։

Փառատոնին 35 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի և մարզերի շուրջ 70 աշակերտներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունեց աշակերտներին և ուսուցիչներին, կարևորեց դպրոցականների գաղափարների կյանքի կոչումն ու գիտական հետազոտությունների ցուցադրությունը:

«Ամենակարևորը՝ մենք տեսնում ենք, որ դպրոցականների, հիմնականում՝ ավագ դպրոցի սաների մոտ մտքերի ինչպիսի փայլատակումներ կան։ Մի քանի գաղափարներ ուղղակի շատ տպավորեցին»,- նշեց նախարարը՝ հույս հայտնելով, որ տարեցտարի մասնակիցների թիվը կաճի:

Դումանյանի խոսքով՝ որոշ նախագծեր, ինչու ոչ, կարող են ստանալ պետության կողմից ֆինանսական աջակցություն կյանքի կոչվելու համար։ Նա նշեց՝ նախարարությունը բաց է առաջարկների համար։

Փառատոնի ընթացքում 7-րդ դասարանից բարձր աշակերտները ցուցադրել են տարաբնույթ գիտափորձեր՝ հյուրերին ներկայացնելով իրենց նախագծերի մանրամասները:Մասնագիտական հանձնաժողովը պետք է գնահատի աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը, ինչպես նաև առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ կմասնակցի Միջազգային Համադպրոցական գիտության փառատոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում