1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահներն Ադրբեջանի զորքերը անհապաղ ելման դիրքեր վերադարձնելու միջոցներ կձեռնարկեն

ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահներն Ադրբեջանի զորքերը անհապաղ ելման 
դիրքեր վերադարձնելու միջոցներ կձեռնարկեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու առնչությամբ՝ ակնկալելով, որ ՌԴ խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։

Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]