Հասարակական

Հայաստանում զգալի բարելավվել է տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում զգալի բարելավվել է տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշի բարելավման գծով զգալի առաջընթաց է գրանցել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում ամեն տարի համաճարակաբանական իրավիճակի լավացում է նկատվում: Վերջին 10 տարվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը նվազել է 4.4 անգամ: Եթե 2011 թվականին հիվանդացության ցուցանիշը եղել է 56.2 (100 հազար բնակչի հաշվով), ապա 2021 թվականի տվյալներով՝ 13.4 է:

«Սա բավականին մեծ ձեռքբերում է մեզ համար: Մենք տարիներ առաջ նպատակային ցուցանիշ էինք սահմանել 15-ը, այսօր ոչ միայն հասանք այդ ցուցանիշին, այլև նվազեցրեցինք: Արդյունքները գոհացուցիչ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է կանգ առնենք: Մենք պետք է շարունակենք մեր ծրագրերը՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը»,-ասաց Նաիրա Խաչատրյանը:

Դրական ցուցանիշ է գրանցվել նաև տուբերկուլոզի հետևանքով մահացության ցուցանիշների գծով: Մասնավորապես, վերջին 10 տարիների ընթացքում մահացության ցուցանիշը տատանվել է 1,7-1,5-ի շրջանում (100 հազար բնակչի հաշվով): 2021 թվականին այդ ցուցանիշը բավական նվազել է՝ կազմելով 0,6: Մասնագետի խոսքով՝ այդ ամենին նպաստում են կանխարգելիչ, իրազեկման միջոցառումները, բուժման արդյունավետությունը:

«Պետք է տարբերակել տուբերկուլոզի վարակվածություն և տուբերկուլոզի հիվանդություն հասկացությունը: Մարդը կարող է վարակվել, երկար տարիներ ունենալ այդ վարակն իր օրգանիզմում, բայց հիվանդ չլինել: Հիվանդությունը կարող է ձևավորվել այն պարագայում, երբ տեղի է ունենում իմունիտետի անկում»,-ասաց Նաիրա Խաչատրյանը:

Մասնագետը նշեց, որ շատ կարևոր է ժամանակին բժշկի դիմելը, հիվանդության խորացումը թույլ չտալը: Ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում անպայման հետազոտվել: Տուբերկուլոզի հիմնական ախտանշաններն են՝ երկուսից երեք շաբաթ տևող հազը՝ խորխարտադրությամբ, մինչև 38 աստիճան տևող երկարատև ջերմությունը, քաշի կտրուկ անկումը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը: Նաիրա Խաչատրյանն ընդգծեց՝ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունավետությունը շատ բարձր է:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ բուժման հաջող ելքերի համար շատ կարևոր է ծառայությունների անվճար լինելը:

«Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումը և բուժումն անվճար է: Ամբողջ ծավալով պետությունը ֆինանսավորումը փակում է: Տուբերկուլոզի բուժումը երկարատև է ու բուժելի հիվանդություն է»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:

Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ ազգային ծրագրերի արդյունավետ իրականացման գործում մեծ աջակցություն է ցուցաբերում Գլոբալ հիմնադրամը: Մասնավորապես, աջակցում է տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերին: Աշխատանքները սկսվել են 2003 թվականից և, մինչ այսօր, շուրջ 80 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն է ցուցաբերվել երկու ազգային ծրագրերով: Աջակցությունը եղել է տարբեր ուղղություններով՝ դեղերի, սարքավորումների տրամադրում, սոցիալ-հոգեբանական ծառայություններ, բուժանձնակազմի վերապատրաստում, կրթական ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում