Մշակույթ

Երեւանի Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Շարմաղ Հարությունյանի «Աշխարհը այս» եւ «Լույսի լռություն» գրքերի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

Երեւանի Ավ․ Իսահակյանի անվան  գրադարանում տեղի ունեցավ Շարմաղ Հարությունյանի «Աշխարհը այս» եւ «Լույսի լռություն» գրքերի շնորհանդեսը

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Շարմաղ Հարությունյանի«Աշխարհը այս» եւ «Լույսի լռություն» գրքերի շնորհանդեսը։«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝

գնահատանքի եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկան գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանախոս Արմեն Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզի Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մերի Մաքսուդյանը, «Էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը, Արմավիրի մարզի Արտաշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Պետրոսյանը, «Գեղամա աշխարհ» մարզային թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, գրող Աելիտա Հովսեփյանը, «Բրեվիս» սոցիոլոգիական հետազոտության ընկերության հանրային կարծիքի հետազոտող, Շարմաղ Հարությունյանի աշակերտուհի Գոհար Աբրոյանը, այլ բանախոսներ։ Նրանք մանրամասն անդրադարձան ներկայացված ժողովածուների գեղարվեստական եւ բովանդակային առանձնահատկություններին։ Նրանք կարեւորեցին այն ասելիքն ու գաղափարը, որոնք գրականություն է բերել շնորհաշատ գրողն ու մանկավարժը։ Եթե «Աշխարհը այս» գրքում հեղինակը քննում է աշխարհի ու մարդու առեղծվածը, ապա «Լույսի լռություն» գրքում Արցախյան 44-օրյա պատերազմի սարսափների ու սարսուռների գեղարվեստական արտացոլումն է՝ իր ողբերգության ու հերոսության դրսեւորումների մեջ։

Ցուցադրված տեսանյութերը, հնչած երգային-երաժշտական նմուշները՝ թիֆլիսահայ երգչուհի Աննա Օգանեսյանի, դաշնակահարուհի Եփրաքսյա Գասպարյանի կատարմամբ, Լիլիթ Պետրոսյանի ընթերցումները յուրովի ամբողջացրին Շարմաղ Հարությունյանի բանաստեղծական աշխարհի նկարագիրը։

Նշվեց, որ Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության անդամ Անդրեյ Ռամասյուկովի ներշնչմամբ՝ գրքի նկարազարդումը, հիրավի, հետաքրքրական իմաստավորում է հաղորդում բանաստեղծուհու ստեղծագործական գունաշխարհին։

Բանաստեղծուհին իր երախտագիտության խոսքը հղեց Իսահակյան գրադարանի ղեկավարությանը, աշխատակազմին, բոլոր աջակիցներին եւ մասնակիցներին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում