Հասարակական

Արգելվում է ՌԴ-ից 10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը

2 րոպեի ընթերցում

Արգելվում է ՌԴ-ից 10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են կոիտեից, որոշման համաձայն՝ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 1-ի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» № 81 հրամանագրի 1-ին կետի «ж» ենթակետ)։

Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։

10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման ճանապարհով։

Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում