«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկը»՝ առաջատար. մանկական. փետրվար, 2022
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երկրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը երրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Չորրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Հինգերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
Վեցերորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:
Յոթերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
«Շունն ու կատուն» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Իններորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:
Տասներորդ տեղում է «365 հեքիաթ․ ամեն օր մի պատմություն» գիրքը։ «Դիսնեյի» բոլոր սիրված հեքիաթները մեկտեղված են այս գրքում: «365 հեքիաթ․ ամեն օր մի պատմություն» ժողովածուն բաղկացած է տարվա ամեն օրվա համար նախատեսված 365 հեքիաթներից: Այստեղ են Մոխրոտիկն ու Սպիտակաձյունիկը, Ռապունցելն ու Զընգ-զընգը, Միքի Մաուսն ու Ռոբին Հուդը և նույնիսկ Մայքն ու Սալին՝ Մոնստրների կորպորացիայից: «Դիսնեյի» սիրված հեքիաթներն ու պատմությունները շարադրված են այնպես, որ փոքրիկները չկորցնեն հետաքրքրությունն ու ամեն օր սպասեն նոր հեքիաթի՝ իմանալու, թե ինչ եղան իրենց սիրած հերոսները:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 131 |
2 | -1 | ![]() |
«Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 127 |
3 | +4 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Փիսիկի գանգատը» |
Բուկինիստ | 124 |
4 | 0 | «Շաղգամը» | Բուկինիստ | 123 | |
5 | Նոր | ![]() |
Գրիգոր Քեշիշյան «Երկնքում շատ աստղեր կան» |
Դավինչի | 122 |
6 | 0 | ![]() |
«Գայլը և յոթ ուլիկները» | Բուկինիստ | 120 |
7 | * | ![]() |
«Երեք խոզուկները» | Բուկինիստ | 107 |
8 | -3 | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 98 |
9 | 0 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Չարի վերջը» |
Բուկինիստ | 82 |
10 | Նոր | ![]() |
«365 հեքիաթ․ ամեն օր մի պատմություն» | Դավինչի | 82 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս» (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը: