ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին կբարեկարգվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 15-ին գումարված Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է վերագործարկել նաև այգու շատրվանները։
«Այս տարվա բյուջեով նախատեսվում է վերանորոգել նաև Աբովյանի անվան պուրակը։ 140 միլիոն դրամ ունենք վարչական շրջաններում մինի ֆուտբոլային դաշտեր կառուցելու մասով»,-ասաց նա։
Քաղաքապետի առաջին տեղակալը նշեց, որ բյուջեով 2 միլիարդ դրամ է նախատեսված 10 նոր տրոլեյբուսների ձեռք բերման համար։ 3 միլիարդ 260 միլիոն դրամ էլ նախատեսվում է վերելակներին ուղղել։ «Այս տարի կունենանք 426 նոր վերելակ»,-հավելեց նա։