Հասարակական

Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն

2 րոպեի ընթերցում

Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացման ուղղությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ամենախնդրահարույցը մսի վաճառքն է: 2020 թվականից գործում է իրավական կարգավորում, որով ամրագրվել է սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, սակայն խնդիրները շարունակվում են:

«Փորձը ցույց է տալիս, որ կան որոշ խմբեր, որոնք ինչ-որ մեխանիզմներ են մշակել ու խաբում են, թե մեզ, թե սպառողներին: Մենք էլ հիմա հակազդման միջոցառումներ ենք ձեռնարկում, որ կարողանանք կանխել ու թույլ չտալ, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառվի խանութներում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Մարտի 15-ից տեսչական մարմինն անցնում է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում հանրային սննդի կենտրոնում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղեքի վաճառքը:

Գեորգի Ավետիսյանի բնորոշմամբ՝ մեկ այլ գլխացավանք է փողոցային առևտուրը, բակային տարածքներում կենդանական ծագման մթերք վաճառելը: Նրա խոսքով՝ քանի դեռ սպառողը սնունդ գնում է փողոցում ապրանք վաճառողից, այդ խնդիրը չի լուծվելու: Այժմ տեսչական մարմինների համակարգման գրասենյակի հետ մեծ ծավալի աշխատանք է տարվում իրավական կարգավորումների ուղղությամբ:

«Մեր տեսչությունը իրավասություն չունի փողոցային առևտրի վրա ազդելու: Մենք արձանագրում ենք ու դիմում ենք ոստիկանությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Նախորդ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գրեթե 100 տոկոսով կարողացել է իրականացնել իր պլանային ստուգումները: Դրանից բացի, մոտ 300 ստուգում է իրականացվել նաև քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում