Հասարակական

Ագրարային համալսարանում բացվեց գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

Ագրարային համալսարանում բացվեց գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում փետրվարի 23-ին բացվեց Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան, որը հերթական նորարարական ենթակառուցվածքն է բուհում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան հիմնվել է Ագրարային համալսարանի երկարամյա գործընկեր Երևանի գարեջուր ՓԲԸ-ի և ԱԿԲԱ ֆեդերացիա ՓԲԸ-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակում կատարվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում և կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, այլ անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը բացման խոսքում նշեց, որ այս օրվան համալսարանը երկար է սպասել: «Տարիներ առաջ, երբ ես այցելում էի Եվրոպական և Ամերիկյան համալսարաններ նախանձով էի լցվում, թե ի՞նչ հնարավորություններ ունեն այնտեղի ուսանողները և ինչ հմտություններ են ձեռք բերում: Այսօր մենք այս հնարավորությունը նույնպես ունենք մեր ուսանողների համար: Այս նախաձեռնության իրականցման համար մեզ աջակցել են մեր մասնավոր ոլորտի ընկերությունները: Սա մի օրինակելի մոտեցում է, որպես սոցիալապես պատասխանատու կորպորատիվ քաղաքացիներ՝ իրենց նպաստը բերելու նմանատիպ ուսումնական միջավայրի ստեղծմանը»,- ասաց ռեկտորը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ընդգծեց, որ Ագրարային համալսարանը իրենց համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս և մնացած լաբորատորիաները կարողանանք ընդլայնել և տարբեր ուղղություններ զարգացնել: Ես ցանկանում եմ, որ մեր երիտասարդները, շրջանավարտները վստահաբար լցվեն հավատով դեպի ագրարային կրթությունը և շատ լրջորեն զբաղվեն ոլորտով: Իհարկե այստեղ կան որոշակի խնդիրներ, որոնք մենք տրամադրված ենք համատեղ ուժերով իրականացնելու»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նշված ենթակառույցները ծառայում են ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողների՝ ուսումնական պլաններով նախատեսված գործնական գիտելիքների ու հմտությունների յուրացման նպատակին, այլև վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի միջոցով մասնագիտական որակավորման հնարավորություն են տալիս ոլորտում գործող մասնագետներին: Ագրարային համալսարանի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գարեջրագործության և թորման տեխնոլոգիաների կարճաժամկետ դասընթացների բավականին մեծ պահանջարկ կա պոտենցիալ շահառուների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում