«Արմենպրես»-ը «Գրքի ընկեր» համարվեց գիրքն ու գրականությունը լուսաբանելու համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցազրույցներով, գրական նախագծերով, հեռուստահաղորդումներով և այլ ծրագրերով գրքի, ընթերցանության հանրահռչակմանը նպաստելու համար «Անտարես» հրատարակչությունը «Գրքի ընկեր» մրցանակներ հանձնեց լրատվամիջոցներին, լրագրողներին, անհատների և կազմակերպությունների: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը անվանական պատվոգրի արժանացավ գիրքն ու գրականությունը հետևողականերով լուսաբանելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, «Դարան» գրախանութում:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ մրցանակաբաշխության միջոցով ցանկանում են հիշել, խրախուսել, ասել, որ գնահատում են այն մարդկանց, որոնք աջակցում են գրքի տարածմանը: «Ուզում ենք ասել՝ շարունակեք ձեր գործն անել՝ լուսաբանել, օգնել գրքի լույս ընծայմանը, միջավայր ստեղծել գրքի համար: Այս ամենը վաղվա լույսը մեծացնելու է»,-նշեց նա ու հավելեց, որ հրատարակչությունը ներկայացնում է գրքերի առավել մեծ տեսականի, ավելի հետաքրքիր ճյուղավորում, որովհետև, երբ զարգանում է բնագավառը, պետք է ամեն քիմքի համար գրականություն ստեղծել՝ յուրաքանչյուրի պահանջարկը բավարարելու համար:
Մարտիրոսյանն ընդգծեց՝ պատերազմից հետո գրքի վաճառքը երկու անգամ աճել էր, և փորձում էին հասկանալ, թե ինչն է ստիպում մարդկանց շատ գիրք գնել ու շատ կարդալ: «Պարզվեց, որ պահանջարկը հավասարաչափ մեծացել է տարբեր գրքերի նկատմամբ, սակայն պետք է փաստել, որ այսօր մարդիկ ավելի դժվար ընկալվող գրքեր են կարդում և չեն վարանում մտածել»,-նշեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ չի սիրում, երբ կանանց հիշում են միայն Մարտի 8-ին, իսկ գրքի մասին շատ խոսում միայն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: «Կարծում եմ՝ ինչպես կնոջը պետք է հիշել և սիրել ամեն օր, այնպես էլ գիրքը պետք է սիրել, կարդալ, զգալ նրա բույրը ամեն օր: Միայն այդ ժամանակ կարող ենք խոսել այլ հասարակության մասին, այլ մակարդակի ու այլ մարտահրավերներ հաղթահարելու ունակության մասին»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: