Մշակույթ

Երևանի կոնյակի գործարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

4 րոպեի ընթերցում

Երևանի կոնյակի գործարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիրք նվիրելու օրվա» նախօրեին՝ փետրվարի 18-ին, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի է ունեցել հատուկ միջոցառում, որի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները կիսել են միմյանց հետ ընթերցանության վայելքը, վերհիշել սիրելի հեղինակներին, ինչպես նաև մտքեր փոխանակել գրքերի վերաիմաստավորման կարևորության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրվա խորհրդի կապակցությամբ՝ Երևանի կոնյակի գործարանի ողջ անձնակազմին ընկերության տնօրինության կողմից մատուցվել են անակնկալ նվերներ՝ տարբեր դարաշրջանների և հեղինակների գրքեր։

Ընկերությունը նախագիծն իրականացրել է «Newmag» հրատարակչության և «Զանգակ» գրատան հետ համատեղ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել գրքերի բացառիկ ընտրանի՝ անտիկ դարաշրջանից մինչև ժամանակակից հեղինակներ՝ Արիստոտելից մինչև Ռոբերտ Փեն Ուորեն, Գրիգոր Նարեկացուց մինչև Վիլյամ Սարոյան և այլն։ Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ այս ցանկում հատուկ տեղ են գտել նաև ժամանակակից հայ ստեղծագործողների աշխատանքները։

«Կարծում եմ գիրքը՝ որպես գաղափար, ոչ միայն բացահայտում է նոր աշխարհներ և հաղորդակից դարձնում տարբեր արժեքների, այլև ժառանգություն ձևավորելու կարևորագույն երաշխիքն է։ Չէ, որ հենց գրքի օգնությամբ ենք մենք ստանում և սերնդեսերունդ փոխանցում գիտելիքն ու փորձը, գաղափարն ու ավանդույթը։ Այդ իմաստով, շատ խորհրդանշական եմ համարում «Գիրք նվիրելու օրն» առավել ընդգրկուն դարձնելու նախաձեռնությունն այս տարում, երբ մենք նշում ենք հայկական կոնյակագործական ժառանգության 135-ամյա հոբելյանը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

«Փետրվարի 19-ը շատ կարևոր և խորհրդանշական օր է մեր մշակութային կյանքում, և ես ուրախ եմ արձանագրելու, որ այդ օրը դարձել է համահայկական տոն: Գրքի և ընթերցանության հանրայնացման գործում յուրաքանչյուր քայլ նշանակալի է և տարբեր ոլորտների ներկայացուցիչների համախմբումը գրքի շուրջ հնարավորություն է տալիս իրականություն դարձնել այն, ինչ ժամանակին կարող էր անհնար թվալ: Սրա լավագույն օրինակներից է Երևանի կոնյակի գործարանի հետ մեր համագործակցությունը և այս միջոցառումը», - նշում է «Զանգակ» գրատան գործադիր տնօրեն Շահեն Մկրտչյանը:

«Մեզ համար իսկապես ուրախալի է տեսնել, որ գիրք նվիրելը դարձել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից։ Այս մոտեցումը միանգամից մի քանի դրական ազդեցություն կարող է ունենալ. կխթանի և՛ ընթերցանությունը, և՛ հրատարակչական գործը։ Հուսով ենք, ինչպես այլ ոլորտներում, Երևանի կոնյակի գործարանի օրինակը կարող է վարակիչ դառնալ», - ընդգծում է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնությունն իրականացրել է «կայունություն և պատասխանատվություն» գաղափարի շուրջ։ Դիտարկելով գրքի դասական ձևաչափը՝ իբրև նոր աշխարհներ բացահայտելու վայելք, որը հնարավոր է դարձել բնության պարգևներից մեկի շնորհիվ, յուրաքանչյուր գրքի կցվել է հատուկ էջանիշ՝ որպես բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի հիշեցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում