Ներդնել գործուն պրակտիկայի մոդել. Կրթություն-աշխատաշուկա կապը՝ գերատեսչությունների ուշադրության կենտրոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոլորտային մասնագիտությունների և աշխատաշուկայի պահանջարկի բացահայտման ու գնահատման աշխատանքների իրականացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն իրականացրել է հետազոտություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նպատակը տնտեսության զարգացման միտումների հիման վրա պետության ռազմավարական ուղղություններում բարձր որակավորում ունեցող աշխատուժի պահանջարկի վերհանումն է, բարձրագույն կրթության պլանավորումը։
Հետազոտության շրջանակում իրականացվել են խորքային հարցումներ, ուսումնասիրվել են աշխատուժի պահանջարկի վերաբերյալ համաշխարհային միտումները, տնտեսական զարգացումների կանխատեսումը Հայաստանի համար, եւ տնտեսության զարգացման արագ աճի պարագայում աշխատաշուկայում սպասվող զարգացումները մինչև 2030 թվականը։
Առաջարկվել է սահմանել պետպատվերի՝ նպատակային ուսուցման սկզբունքը, պետության համար ռազմավարական ուղղություններում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ տրամադրել կրթաթոշակներ և տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով ներդնել գործուն պրակտիկայի մոդել՝ ուսումնառության առաջին տարիներից սկսած։