Տնտեսություն

Ավարտվեց բուլղարական պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան

2 րոպեի ընթերցում

Ավարտվեց բուլղարական պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվար ամսին Էնթերփրայզ Արմենիայի կողմից մեկնարկած «ԳինուԳործ» («WineBizz») ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել գինեգործության ոլորտում գործունեություն ծավալող բուլղարական 4 ՓՄՁ և 4 գործարար ծառայություններ մատուցող (ԳԾՄ) կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Ներդրումների աջակցության կենտրոն»-ից, ճանաչողական այցի ընթացքում բուլղարական պատվիրակությունն ի թիվս մի շարք հանդիպումների, հյուրընկալվեց «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից, որտեղ բուլղարացի հյուրերին ներկայացվեցին Հայաստանի ներդրումային և բիզնես միջավայրը, գինու ոլորտում ձեռքբերումները և այլն:

4-օրյա հագեցած ծրագիրը ներառում էր նաև այցելություններ գինեգործական առաջատար ընկերություններ, ինչպես նաև Հայաստանիգինուպատմությանթանգարան: Սա հիանալի հնարավորություն էր բուլղարացի գործընկերների համար՝ ծանոթանալ հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին և, իհարկե, փոխանակվել գինեգործության ոլորտում ունեցած փորձառությամբ, նորագույն տեխնոլոգիաների մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև՝ զարգացման միտումներին:

Ճանաչողական այցը եզրափակվեց գործարար համագործակցության հաստատման միջոցառումներով, որոնց ընթացքում հայկական և բուլղարական ՓՄՁ-ները և ԳԾՄ-ներն ունեցան մի շարք խաչաձև հանդիպումներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան հաստատելու կապեր և ձեռք բերեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ:

Առաջիկայում նախատեսվում է նաև հայկական գինեգործների այցելություն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցող Vinaria – 2022 ցուցահանդեսին, որտեղ հայկական գինեգործական ընկերությունները կծանոթանան բուլղարական գինու շուկայի հետ, ինչպես նաև՝ հնարավորություն կունենան ձեռք բերել պայմանավորվածություններ՝ իրենց արտադրանքը Եվրոպական Միություն արտահանման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում