Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

«Թղթե ականներ». Ազգային պատկերասրահում բացվել է Կամո Նիգարյանի պաստառների ցուցադրությունը

«Թղթե ականներ». Ազգային պատկերասրահում բացվել է Կամո Նիգարյանի 
պաստառների ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահը արվեստասերներին է ներկայացրել հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը, որը բացվել է փետրվարի 4-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թղթե ականներ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից` Երևանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ, ընդգրկում է ավելի քան 70 տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։

Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին՝ Նիգարյանը կոտրեց այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1960-ականների լեհական, կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլեց էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:

Այս պատկերագրորեն բարդ, բայց միտքը բորբոքող պատկերները ամբողջացնում են Նիգարյանի հետարդիական գեղագիտությունը բազմածիր պատկերային մի լեզվում, որը չէր «վաճառում» կամ պարտադրում որոշակի ապրանք կամ գաղափար, այլ դիտողին տանում էր դեպի պատկերված առարկայի վերլուծական բացահայտում:

Վերջին տարիներին Նիգարյանի ստեղծագործության վերաբացահայտումը եղել է ոգեշնչման կարևոր աղբյուր երիտասարդ հայ գրաֆիկ նկարիչների համար՝ դառնալով որոշակի խթան Հայաստանում պաստառային արվեստի վերածննդի համար:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]