Մշակույթ

Փոթերյան կերպարների հագուստի մրցույթ, Հոգվարթսի հոսքերի մրցաշար. Երևանում նշվեց Հարրի Փոթերի գրքի գիշերը

4 րոպեի ընթերցում

Փոթերյան կերպարների հագուստի մրցույթ, Հոգվարթսի հոսքերի մրցաշար. Երևանում նշվեց Հարրի Փոթերի գրքի գիշերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես և ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը փետրվարի 3-ին նշում է Հարրի Փոթերի գրքի գիշերը: Տոնի առթիվ «Զանգակ» գրատանը հավաքվել էին Հարրի Փոթերի սիրահարները՝ հիշելու գրքի ամենահետաքրքիր կերպարներին ու դրվագները, մասնակցելու փոթերյան կերպարների հագուստի մրցույթին ու ամենակարևորը՝ անցկացնելու Հոգվարթսի հոսքերի մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրատարակչության թարգմանական գրականության պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանն ասաց՝ միջոցառումն անցկացվում է 2014 թվականից: «Հարրի Փոթերի գրքի գիշերը այս տարի հատկապես կարևոր է, քանի որ լրանում է առաջին հատորի տպագրության 25-ամյակը։ Այս տարվա թեման կախարդական ճամփորդությունն է, որին մասնակցելու են և՛ մեծահասակները, և՛ փոքրիկները: Ցերեկը նվիրված է երեխաներին, իսկ երեկոյան գրատուն կայցելեն նաև մեծերը»,-նշեց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Փոթերի սիրահարները Հայաստանում շատ են և հենց դա է պատճառը, որ «Զանգակը»-ը ժամանակին ձեռնարկել է Փոթերի գրքերի հայերեն թարգմանությամբ հրատարակությունը: «Հայ ընթերցողը հայերենով կարող է կարդալ վիպաշարի չորս հատորը, սակայն նախատեսում ենք լույս ընծայել բոլոր հատորները»,-շեշտեց Եղիազարյանն ու հավելեց, որ ստեղծագործության հաջողության հիմնական գրավականն այն է, որ հեղինակը կարողացել է երեխաների հետ խոսել նրանց լեզվով՝ բարձրացնելով նշանակալի հարցեր:

Հրատարակչության հասարակության հետ կապերի մասնագետ Աելիտա Չիլինգարյանը, խոսելով մրցույթների մասին, նշեց, որ փոթերյան կերպարների հագուստի մրցույթի հաղթողները երեքն են լինելու: «Երկուսը փոթերյան գրքեր են ստանալու, առաջին տեղը զբաղեցնող երեխան կստանա հինգերորդ գիրքը մինչև այն կհայտնվի գրադարաններում: Կարծում եմ, որ Փոթերի սիրահարների համար սա շատ կարևոր մրցանակ է, իսկ Հոգվարթսի հոսքերի մրցաշարի հաղթողները կստանան Հոգվարթս էքսպրեսի տոմսեր դեպի հրատարակչության տպարան այն ժամանակ, երբ այնտեղ տպվի հինգերորդ հատորը: Այնտեղ կհանդիպեն նաև Փոթերի գրքի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ»,-տեղեկացրեց Չիլինգարյանը:

Միջոցառմանը ներկա 12-ամյա Արտաշես Մկրտչյանը, որը կրում էր փոթերյան հագուստ, ընթերցել է վիպաշարի հայերեն թարգմանված բոլոր գրքերն ու անհամբերությամբ է սպասում հինգերորդ հատորին: «Շատ եմ սիրում վիպաշարը, քանի որ հեղինակը Ջոան Ռոուլինգն է, սիրում եմ նաև ֆիլմերը, հերոսներից սիրում եմ ոսկե եռյակին՝ Հարրիին, Հերմիոնային և Ռոնին: Նրանց ընկերությունը օրինակելի է ընթերցողների, ֆիլմը դիտողների համար, քանի որ նրանք անդավաճան են, նվիրված ու անբաժան»,-շեշտեց Արտաշեսը:

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերիյոթ մասից բաղկացած հայտնի վիպաշարի գրքերից յուրաքանչյուրում նկարագվրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործՀարրի Փոթերիմեկ ուսումնական տարին Հոգվարթսիմոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտիհակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ մոգական աշխարհը։

Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը լույս է ընծայվել 1997 թվականին, գրքերը մեծ ճանաչում ստացան ողջ աշխարհում։ Բոլոր 7 գրքերն էլ դարձել ենբեսթսելերներև թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Գրքերի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություն, այդ թվում ֆենթզի, արկածային, դետեկտիվ, թրիլլեր և սիրային վեպ, ինչպես նաև ներառում է մի շարք մշակութային տարրեր։ Ջոան Ռոուլինգիխոսքով՝ ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն դիտարկվում է մանկական գրականություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում