Հասարակական

Բացահայտվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում չարաշահման դեպքը. ԱԱԾ

3 րոպեի ընթերցում

Բացահայտվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում չարաշահման դեպքը. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բժշկական գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի չպատվաստելու, սակայն պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ստացումն ապահովելու համար պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն հանդիսացող տարբեր չափերի գումարներ՝ ձևացնելով վերջիններիս պատվաստումը, իսկ այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ԱԱԾ-ից, մանրամասնելով, որ հիշյալ հանրային ծառայողների կողմից իբր պատվաստված լինելու վերաբերյալ տրված կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «Արմեդ» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են:

Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց, որպիսի արարքը քրեորեն հետապնդելի է, միաժամանակ զգուշացնում, որ շարունակելու է հետևողական պայքար մղել նմանատիպ հանցավոր երևույթների բացահայտման և կանխման, ինչպես նաև մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում