Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ հակամարտության համապարփակ 
և տևական կարգավորման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պպաշտոնական այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբորնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը:

«Ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարարի՝ երկկողմ համագործակցության պատմության ընթացքում առաջին պաշտոնական այցը որպես նոր խթան կծառայի փոխգործակցության՝ դեռևս չօգտագործված ներուժի իրացման համար։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման շուրջ, և այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ հայ-լյուքսեմբուրգյան բարեկամական խմբերի միջոցով:

Նշվում է, որ նախարարները գոհունակությամբ են նշել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում արդյունավետ համագործակցության փորձը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ամրապնդելու բազմակողմ մակարդակում սերտ համագործակցությունը:

«Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Լյուքսեմբուրգի հստակ դիրքորոշման, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձևի ընդունման համար»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ երկուստեք շեշտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների միջև փոխգործակցության հաստատման և կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծման կարևորությունը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]