Պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ոստիկաններին կաշառք տալու 4 դեպք
2 րոպեի ընթերցում
![Պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ոստիկաններին կաշառք տալու 4 դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1073483.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի վեց ամսում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ոստիկաններին կաշառք տալու 4 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
«Բոլոր դեպքերով հարուցվել է քրեական գործ: Երեկ մենք ունեցանք նոր թարմ դեպք: Երևան քաղաքի Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում քաղաքացին խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-ասաց Վահե Ղազարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Պարեկային ծառայության ոստիկանները իրենց արդյունավետ աշխատանքի համար խրախուսվում են: Նա տեղեկացրեց, որ ներկայում ընթացքի մեջ է և առաջիկայում Շիրակում ու Լոռիում կլինի Պարեկային ծառայություն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ էլ դժվարություններ կան, սակայն հետևողականորեն առաջ են գնալու:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ պետք է արձանագրել մի կարևոր հանգամանք՝ Պարեկային ծառայության որակը փոխվել է:
«Բացի այն ցուցանիշներից, որ կան, արձանագրենք հետևյալը, կա լրջագույն բովանդակություն: Այն ունի լրջագույն կանխարգելիչ բաղադրիչ: Ծառայությունում շատ կարևոր ենթակառուցվածքային լուծում է տրվել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով Մհեր Գրիգորյանի դիտարկումները, նշեց, որ այդ ամենը հաշվի առնելով, խնդիր է դրված ավելացնել ծառայության խտությունը: Այնպիսի ռեսուրսներ լինեն, որ ոստիկանները հաճախակի բակեր մտնեն, մանավանդ, բնակարանային գողության մեծ խնդիր կա, նման գործերի բացահայտման տոկոսն էլ ցածր է: