Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Ինչու են մարդիկ սկսել ավելի շատ գիրք կարդալ. հրատարակիչների դիտարկումները

Ինչու են մարդիկ սկսել ավելի շատ գիրք կարդալ. հրատարակիչների դիտարկումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրքի նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով աճում է: Հրատարակիչները փաստում են, որ տարեց տարի մարդիկ ավելի շատ են խոսում գրքի մասին, ավելի շատ են գիրք ձեռք բերում ու ավելի շատ են կարդում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը նշեց, որ սա մի քանի տարվա աշխատանքի արդյունք է:

«Գրքի հանրահռչակման պրոցեսները սկսվել են ավելի վաղ, թերևս, 2012 թվականից, երբ Երևանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հրատարակչություններն ավելացան, պետությունը որոշակի աջակցություն ցուցաբերեց ոլորտին»,-ասաց Հայկ Համբարձումյանը:

«Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանի խոսքով, դժվար է մեկ գործոնով պայմանավորել գրքի նկատմամբ մարդկանց հետաքրքրության աճը: 

«Նպաստող գործոնները տարբեր են, նույն «Արմենպրես»-ի օրինակը, որ ամեն շաբաթ ներկայացնում է բեսթսելերները: Մյուս կողմից հրատարակիչները սկսել են զգալ, թե ընթերցողն ինչի կարիք ունի: Մեզ մոտ նախկինում գրախանութներում կամ դասական գրքեր էին կամ հին հրատարակությունների վերահրատարակություններ էին: Հիմա տեսնում ենք, որ ոչ միայն կազմերն են հետաքրքիր, որոնք գրավում են մարդկանց, այլև որակը, բովանդակության բազմազանությունը: Ընթերցանությանը նպաստում են նաև սոցիալական ցանցերը, որոնց միջոցով գրքերը ներկայացվում են հասարակությանը»,-ասաց Գոհար Մանուկյանը:

 «Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանի կարծիքով, գրքի հանրահռչակման գործընթացը սկսվել է տասնյակ տարիներ առաջ, երբ հրատարակչություններն ու գրավաճառ կազմակերպությունները կատարեցին ներդրումներ ու կամաց-կամաց շուկա ձևավորվեց:

«Ինչ-որ կետից հետո տարիներ շարունակ արված աշխատանքի արդյունքները տեսանելի դարձան: Մի կողմից գրքի նկատմամբ պահանջարկն ավելացավ, մյուս կողմից գրահատարակիչները սկսեցին ապահովել համապատասխան տեսականիով, սկսեցին թարգմանել, ներկայացվեցին ժամանակակից գրողները: Պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ զարգացնել ոլորտը»,-ասաց Լորիս Վարդանյանը:

 «Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի խոսքով, այդ ամենին նպաստեց նաև այն, որ այսօր ընթերցողն ընտրության լայն հնարավորություն ունի: Այսինքն՝ գրախանութներում հնարավոր է գտնել ցանկացած ճաշակի գրականություն:

«Դրանից բացի, նախկինում շատ նախընտրելի գրքեր ռուսերեն կամ անգլերեն տարբերակով էին հասանելի, իսկ այսօր հրատարակիչների աշխատանքի շնորհիվ դրանք ներկայացված են նաև հայերենով: «Անտարես»-ի օրինակը բերեմ, մենք բոլոր տարիքային խմբերի համար ունենք գրականություն»,-ասաց Ռոզա Գրիգորյանը:

 «Էդիթ Պրինտ»  հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի խոսքով, պետք է տարբերակել գիրքը վաճառելն ու գիրքն ընթերցելը: Վաճառել, դեռ չի նշանակում ընթերցել:

«Եթե գրադարաններն այնպիսի վիճակում են լինեին, որ գոնե պահանջված գրքերից ի զորու լինեին 10-15 օրինակով ձեռքբերել, ապա հավատացնում եմ, որ ընթերցողների բանակը կավելանա: Կարծում եմ, որ պետք է գրադարաններին պետական մակարդակով մոտեցում ցուցաբերվի, որ համալրվեն նոր գրքերով: Եթե ընթերցողը մեկ, երկու անգամ գնաց գրադարան ու իր ցանկացած գիրքը չկարողացավ ձեռք բերել, ապա կարող է երրորդ անգամ չգնալ»,-ասաց Դավիթ Սամվելյանն՝ ընդգծելով, որ մարզային, համայնքային գրադարաններում խնդիրն ավելի սուր է:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]