Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թոշակառուների միության հիմնադիրը կոչ է անում միանալ իրեն և աջակցել լուծելու տարեցների խնդիրները

Թոշակառուների միության հիմնադիրը կոչ է անում միանալ իրեն և աջակցել լուծելու 
տարեցների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թոշակառուների զբաղվածության, ցածր թոշակի և նրանց հուզող մի շարք խնդիրներ լուծելու, թոշակառուների իրավունքները պաշտպանելու նպատակով կենսաթոշակառու Վռամ Սարգսյանը հիմնել է «Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպությունը: Միության լիարժեք գործունեության համար Սարգսյանը փնտրում է աջակիցների, որոնք իրեն կօգնեն կյանքի կոչել միության ծրագրերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վռամ Սարգսյանն ասում է՝ արդեն չորս տարի է՝ թոշակառու է և շատ լավ գիտի նրանց առջև ծառացած խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել: Հենց այդ նպատակով է ստեղծել միությունը, որը դեռ լիարժեք չի գործում:

«Կարծում եմ, թոշակառուն, որը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ունակ է աշխատելու, պետք է անպայման աշխատի, բացի այդ նա նաև ավելի հարուստ փորձ ունի, քան երիտասարդները»,- նշում է նա ու հավելում, որ հովանավորներ գտնելու դեպքում շատ է ցանկանում կարի արտադրամաս բացել, որտեղ սկզբում հասարակական հիմունքներով կաշխատեն միության անդամները, հետո՝ կվարձատրվեն: Կկարեն բարձեր, սավաններ և այլն: Արդյունքում կապահովվի նրանց և՛ զբաղվածությունը, և՛ գումարը: Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնությանը կարող են միանալ նաև մարզերում ապրող թոշակառուները, որոնք կարող են աշխատել տնից:

Վռամ Սարգսյանը թոշակառուների զբաղվածության խնդրից զատ կարևորում է նաև առողջապահական հարցերը՝ շեշտելով, որ դեղամիջոցները Հայաստանում շատ թանկ են, թանկ է նաև տրանսպորտը: Այդ հարցերի լուծմանն ուղղված է լինելու իրենց գործունեությունը:

«Մեր կառույցում պետք է ստեղծվի 12 հոգուց բաղկացած խորհուրդ, որի անդամները կլինեն իրավաբաններ, պատմաբաններ, ռազմագետներ, մանկավարժներ և այլք: Խորհուրդը կղեկավարեմ ես: Եթե խորհուրդը գտնի, որ միությունը պետք է այս կամ այն ուղղությամբ շարժվի, այդպես էլ կլինի: Թոշակառուներից շատերի տանն եմ եղել, շատերն են պատրաստ անդամագրվել միությանը»,- ընդգծում է Սարգսյանն ու անդրադառնում թոշակների հարցին:

Նա հիշում է, որ Խորհրդային Միությունում թոշակառուն ստացել է այնքան թոշակ, որը հնարավորություն է տվել լիարժեք օգտվել սպառողական զամբյուղից, կոմունալ վճարումներ անել և դեռ գումար է մնացել հյուր գնալու և այլ բաների համար: Իսկ այժմ թոշակն այնքան ցածր է, որ կոմունալ վճարումներ անելու դեպքում կարող է մի անձին բավականացնել ընդամենը հինգ օր: Ըստ Սարգսյանի՝ պետք է բարձրաձայնել նաև այդ հարցը:

Խոսելով միայնակ թոշակառուների մասին՝ Սարգսյանն ասում է, որ նրանք քիչ չեն և հիմնականում ապրում են հարևանների օգնությամբ, սակայն սոցիալական պայմանների պատճառով հարևաններն էլ ժամանակի ընթացքում չեն կարողանում լիարժեք հոգ տանել նրանց մասին: Միության գործունեության կարևոր մասն է առանձին ծերանոց ստեղծելու մտադրությունը: Սարգսյանը հույս ունի, որ այդ հարցում իրենց կաջակցի պետությունը և տարածք կտրամադրի:

Վռամ Սարգսյանը կոչ է անում տնտեսագետներին, իրավաբաններին, ռազմագետներին և թոշակառուների խնդրով հետաքրքրված այլ մասնագետների կապ հաստատել իր հետ և աջակցել միության կայացման ու զարգացման գործում: Հետաքրքրվածները Սարգսյանի հետ կարող են կապ հաստատել՝ զանգահարելով 091 81 18 19 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել [email protected] հասցեին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]