Քաղաքականություն

Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից է համարում

2 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից է համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:

Բաքվի հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ 1990 թ.հունվարի 13-ըհայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է:«Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը: Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվել են հայաթափման ծրագրեր, ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են եղել: Բաբայանը պատահական չի համարում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հարցազրույցը տվել է հենց տարելիցի նախօրյակին և խոսել է գրեթե նույն ոճով, ինչ ոճով իրականացվել են Բաքվի ջարդերը 1990 թվականին:

«Սա փաստում է, որ նույն գաղափարները մնացել են, նույն մոտեցումները գերիշխում են և նույն ծրագրերը փորձում են իրականացնել: Ի՞նչ պետք է անենք, որ նմանատիպ արյունալի դեպքերը այլևս չլինեն: Նախ պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք, իրականությունը ճիշտ պատկերացնենք ու չսխալվենք նորից: Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք պետություն և հասարակություն, որտեղ հայատյացությունը պետական գաղափարախոսություն է : Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որը ֆաշիստական է իր էությամբ, և սա մենք երբեք չպետք է մոռանանք: Եթե մոռանանք, Բաքվի ջարդերից սկսած մինչև վերջին պատերազմը նորից կրկնվելու են»,- ասաց Դավիթ Բաբայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում