Տնտեսություն

Խանութներում արհեստական հավելումներով կաթնամթերքը կառանձնացվի բնական կաթնամթերքի դարակաշարից

2 րոպեի ընթերցում

Խանութներում արհեստական հավելումներով կաթնամթերքը կառանձնացվի բնական կաթնամթերքի դարակաշարից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը խանութներում առանձնացված դարակաշարում լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ սկզբնապես ներկայացված նախագծում որոշ փոփոխությունների առաջարկով:

Նախարարությունն առաջարկում է խանութներում կաթնամթերքի վաճառքի համար որոշակի կարգավորումներ մտցնել:

Հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «Մասնավորապես, քանի որ կա կաթնամթերք, որը պատրաստված է բնական, մաքուր կաթից, և կա կաթնամթերք, որի պատրաստման համար բուսական յուղ կամ այլ հավելանյութեր են օգտագործվում, և սպառողը հաճախ ընկնում է մոլորության մեջ, առաջարկվում է, որ խանութներում դրանք դասավորվեն առանձին դարակաշարերում, որ անմիջապես տեսանելի լինի, թե որն է արհեստական հավելումներով, բուսական յուղերով, որը՝ լրիվ մաքուր, բնական»:

Սկզբնապես կազմված նախագծում այս կարգավորումը վերաբերելու էր բոլոր խանութներին, սակայն, հետո նկատի են ունեցել, որ դա փոքր խանութների դեպքում հնարավոր չէ: Այսպիսով, առաջարկվեց կարգավորումը տարածել միայն 200 քմ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների վրա:

Առեւտրի օբյեկտներում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում:

Նախագիծը հանձնաժողովի նիստում հավանություն ստացավ փոփոխությամբ հանդերձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում