Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր».  «Բարի գործերի քաղաքը»` առաջատար. Թարգմանական, դեկտեմբեր, 2021

«Երևանյան բեսթսելեր».  «Բարի գործերի քաղաքը»` առաջատար. Թարգմանական, 
դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տեղերը բաշխվել են դեկտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք: Թարգմանել է Ֆարիդա Մալխասյանը։

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը երկրորդ տեղում է։ Ամերիկուհի գրողի հուշագրություններն ամփոփող այս գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, և առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչն է Լիլիթ Հայրապետյանը։

Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գրքի երկրորդ հատորը երրորդ տեղում է։ 1936 թվականին հրատարակվելուց ի վեր Պուլիտցերյան մրցանակակիր եւ բոլոր ժամանակների ամենավաճառվող վեպերից մեկը՝ «Քամուց քշվածները», աշխարհում հռչակվել է որպես Մեծ ամերիկյան վեպ: Վեպի առավել տարածմանը նպաստել է նաեւ համանուն ֆիլմը։ «Քամուց քշվածները» վեպը մարդկանց կրքերի խորությունն ուսումնասիրում է Ջորջիայի կարմիր բլուրներում տեղի ունեցող դեպքերին բնորոշ հանդգնությամբ: Հիասքանչ պատում է, որը վառ պատկերում է Քաղաքացիական պատերազմի եւ Վերակառուցման ժամանակաշրջանի դրաման: Թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան։

Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գրքի առաջին հատորը չորրորդ տեղում է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Այս հատորի թարգմանիչը նույնպես Անուշ Սեդրակյանն է։

Հինգերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ կիրառվող բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:  

Վեցերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Յոթերորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Ութերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» իններորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Տասներորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը: Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում: Ռուսերենից թարգմանությունը՝ Նարինե Գիժլարյանի:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Մարկ Արեն

«Բարի գործերի քաղաքը»

Բուկինիստ 292
2 -1

Էլիզաբեթ Գիլբերթ

«Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 238
3 նոր

Մարգարետ Միտչել

«Քամուց քշվածները», երկրորդ հատոր

Newmag 105
4 -2

Մարգարետ Միտչել

«Քամուց քշվածները», առաջին հատոր 

Newmag 99
5 *

Խալեդ Հոսեյնի

«Հազար չքնաղ արևներ»

Զանգակ 88
6 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 74
7 -4

Ալեքս Մայքլիդիս

«Լռակյաց հիվանդը»

Newmag 70
8 *

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...» 

Էդիթ Պրինտ 64
9 -1

Ալեքս Մայքլիդիս «Կույսերը» 

Newmag 60
10 -5

Նարինե Աբգարյան «Զուլալի»

Վերնատուն 53

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]