ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, կառույցի նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:
Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։
ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն: