Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՍԴ որոշումը չի պարտավորեցնում գործատուին վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը․ պարզաբանում է նախարարության իրավաբանը

ՍԴ որոշումը չի պարտավորեցնում գործատուին վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի 
գումարը․ պարզաբանում է նախարարության իրավաբանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտություն անցնելու գումարը:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը, աշխատող բոլոր անձինք պետք է նույն ընթացակարգով անցնեն ՊՇՌ հետազոտություն, պարզապես ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը:

«Այսինքն՝ «իր հաշվին» ձևակերպումը կանխորոշել է բացառապես հստակ շրջանակ աշխատողների համար, այժմ  ՍԴ-ն ասում է, որ  մի դրեք այդ  սահմանափակումն անձի վրա, որ ինքը իր հաշվին իրականացնի, կարող է իրականացնել ցանկացած այլ անձի հաշվին, ով կամային մոտեցմամբ կտա իր համաձայնությունը վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտության գումարը, դա սեփական ցանկությամբ է և կարող է լինել նույնիսկ գործատուն, եթե նա նման ցանկություն հայտնի: Սա է եղել ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի համապատասխան դրույթի բովանդակությունը»,-ասաց Մկրտումյանը՝ պարզաբանելով, սակայն, որ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը։

Դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։ ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին։ Այս առնչությամբ նախարարությունը պարզաբանել էր «Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am